News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում գտնվող Մուսա լեռան շրջակայքի 6 հայկական գյուղերից միայն Վագըֆն է շարունակում մնալ հայերով բնակեցված: Մինչ 1915-ը տեղի 6 հայկական գյուղերն ունեցել են մոտ 6 հազար բնակիչ: Մուսա լեռան 40-օրյա հերսամարտի արդյունքում փրկված մոտ 4 հազար մուսալեռցիներ ֆրանսիական ռազմանավերով տեղափոխվել էին Եգիպտոս: Առաջին համաշխարհայի պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո` 1919-ին նրանք կրկին վերադարձան իրենց ծննդավայր: Սակայն 1939-ին Ալեքսանդրետի շրջանը, որի մեջ էին մտնում նաեւ Մուսա լեռան 6 հայկական գյուղերը, անցավ Թուրքիային: Մուսալեռցիները կրկին բռնեցին գաղթի ճամփան: Նրանք տեղափոխվեցին Լիբանան, որտեղ իրենց 6 գյուղերի անուններով հիմնեցին թաղամասեր:

Մուսալեռցիներից շատ քչերը մնացին իրենց ծննդավայրում:  Ներկայումս Մուսա լեռան 6 գյուղերից միայն Վագըֆում (Վաքըֆլը) է հնչում հայերենը:  Ընդամենը 135 հայազգի բնակիչներից կազմված փոքրիկ, սակայն գեղեցիկ ու մաքուր գյուղում է ապրում նաեւ ամենատարեց մուսալեռցին` 97-ամյա Ավետիս Դեմիրճյանը,  ով եղել է Մուսա լեռան հերոսամարտի ամենակրտսեր վկաներից մեկը: Իհարկե, նա չի հիշում ոչինչ, քանի որ այդ ժամանակ նա ընդամենը 2 տարեկան է եղել, սակայն հրաշալի խոսում է հայերեն, տիրապետում ֆրանսերենին եւ արաբերենին.  երգում  Հայաստանի հիմնը եւ հայրենասիրական երգեր` չմոռանալով շեշտել, որ ինքը եղել է Մայր հայրենիքում` Մայր Հայաստանում:

Հայ եւ թուրք լրագրողների խմբի հետ Վագըֆ այցելած NEWS.am-ի թղթակիցը զրուցել է  Վագըֆի ամենատարեց բնակչի` 1913-ին ծնված Ավետիս պապի հետ:  «1915-ին մեզ տարան Եգիպտոս, որտեղ մնացինք մինչեւ 1919-ը: Պատերազմում Թուրքիան պարտություն կրեց եւ մեզ հարցրեցին, թե ո՞ւր ենք ուզում գնալ: Մենք ասացինք, որ ուզում ենք գնալ Մուսա լեռ: Հետ եկանք մեր գյուղ: Այստեղ 6 հայկական գյուղ կար, սակայն 1939-ին ֆրանսիացիները այս տարածքները տվեցին Թուրքիային: Հայերի մեծ մասը հեռացան այստեղից: Մենք մնացինք այստեղ»,-պատմում է Ավետիս պապը:

Ավետիս պապն ունի 2 աղջիկ եւ 3 տղա, սակայն նրանցից ոչ մեկ Վագըֆում չի ապրում: Նրանք տարբեր տեղեր են հեռացել` Ստամբուլ, Գերմանիա, Կանադա: Ավետիս պապը նշում է, որ հայտնի նկարիչ Արթին Դեմիրճին իր որդին է:  «Ազգանունը Դեմիրճյան էր, սակայն թուրքերը «յան»-ը կտրեցին հանեցին»,-ասում է Ավետիս պապը:  Արթին Դեմիրճիի նկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր քաղաքներում: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են 30-ից ավել անհատական ցուցահանդեսներում եւ տարբեր նկարիչների հետ համատեղ ներկայացված 10-ից ավել ցուցահանդեսներում:

Ավետիս պապը հիշում  է, որ իրենց գյուղում հայկական դպրոց կար, սակայն իր հայրն իրեն չի ուղարկել դպրոց: «Ես մեր ոչխարներին էի տանում արոտի, սակայն ինքնուրույն սովորեցի հայերեն կարդալ եւ գրել: Երբ ձեռքս հայերեն թերթ կամ գիրք էր ընկնում, ես վերցնում էի հետս եւ դաշտերում կարդում դրանք: Շատ էի սիրում կարդալ: Գյուղում ինձ պես հայերեն իմացող չկար»,-հպարտանում  է Ավետիս պապը` շեշտելով, որ գիտի նաեւ հայերեն երգեր: Ավետիս պապը մի պահ վերհիշում եւ սկսում է երգել  Հայաստանի հիմնը` «Մեր հայրենիքը», որից հետո հայրենասիրական «Մենք անկեղծ զինվոր ենք» երգը` վերջում ասելով, որ հայը միայն զենքով կարող է իր հողերն ազատագրել:

«1979-ին եկել եմ Հայաստան: 16 օր մնացել եմ  «Արմենիա» հյուրանոցում: Այն ժամանակ մի տարքով մարդ ինձ ասաց. «տղաս, կեր, խմի, քեզ համար պտտվի, սակայն քաղաքականությունից հարցեր մի տուր, քեզ Սիբիր կաքսորեն»:  Այո, եղա Մայր Հայաստանում, Մայր հայրենիքում»,-ասում է Ավետիս պապը` զրույցի վերջում շնորհակալություն հայտնելով լրագրողներին` իրեն այցելելու համար:

Նշենք, որ 1946-1947 թվականներին Մուսա լեռան հայության մի մասը` մոտ 5000 հոգի, տեղափոխվում է Հայաստան: 1972-ին Էջմիածնի Գինեվետ ավանը վերանվանվեց Մուսալեռ: 1976-ի սեպտեմբերի 16-ին Մուսալեռ ավանին կից բարձ բլրի վրա բացվում է Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձան: Ամեն տարի սեպտեմբերի երկրորդ կեսին մուսալեռցիները  միջոցառումներ են կազմակերպում, որոնք ավարտվում են հուշարձանի մոտ մատաղ-հարիսայի բաժանումով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ