News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ավելանում է այն հայերի թիվը, ովքեր չեն վախենում խոսել իրենց ծագման մասին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք  է հայտնել «Ակոս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալչըն: Նա որպես օրինակ նշել է մահմեդականություն ընդունած հայերի կենտրոն համարվող Հոպայի շրջանը, որտեղ մոտ երկու շաբաթ առաջ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում, բախումներ էին տեղի ունեցել:

«Մոտ չորս-հինգ ամիս առաջ այնտեղ էի, մարդիկ ասում էին, որ ազգությամբ հայ են: Ի դեպ, Թուրքիայում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ասում են, թե ազգությամբ հայ են` կամ ավելի ճիշտ հայկական ծագում ունեն: Դա նշանակում է, որ այդ մարդիկ  իրենց բավականաչափ վստահ են զգում նման բան հայտարարելու համար: Կրոնով մահմեդական են, բայց խոսում են հայերեն», - նշել է Նալչըն:

«Համշեցիներն ասում են, որ հայ են: Արդյոք հնարավո՞ր է լինելու հայկական կուսակցության ստեղծումը, արդյոք այս երկրում կրկին Դաշնակցություն կստեղծվի՞: Դա, ի դեպ, կարող ենք անել հենց թուրքական օրենքի շրջանակներում, քանի որ Դաշնակցությունը պաշտոնապես փակված կուսակցությունների թվին չի պատկանում», - նշել է Նալչըն:

Խոսելով Թուրքիայում ապրող հայերի քաղաքական դերակատարությունն ավելացնելու անհրաժեշտության մասին` «Ակոսի» պատասխանատու խմբագիրը մեկ այլ միտում էլ է նկատում: Ստամբուլահայ լրագրողի պնդմամբ, քաղաքացիության մասին օրենքը հնարավորություն է տալիս նախկինում թուրքական անձնագիր ունեցած մարդկանց հետնորդներին դիմել Թուրքիայի քաղաքացի դառնալու խնդրանքով: Որպես օրինակ բերելով ֆրանսիական Մարսել քաղաքը` Նալչըն պնդում է, թե այնտեղ բնակվող հայերի մի զգալի մասն արդեն իսկ թուրքական անձնագիր է ստացել: Պատճառը այն է, որ տեղի հայերի մի զգալի մասը չի ցանկանում կտրել կապը Թուրքիայի հետ:

«Անձնագրերը ստացել են, սակայն քաղաքական նպատակներով այն չեն օգտագործում: Ես չորս տարի է արդեն սփյուռքում ասում եմ` եթե ուզում եք ինչ-որ բան անել հայերի համար` եկեք ու քվեարկեք: Բայց չեն գալիս. իհարկե` Փարիզում եւ Ամերիկայում շատ ավելի լավ է, միջամտելու ցանկություն էլ չկա», - հեգնել է  «Ակոսի» պատասխանատու խմբագիրը:

Խոսելով Երեւանի եւ Անկարայի  հարաբերությունների մասին` Արիս Նալչըն հիմնական հույսը կապում է Հայաստանին հարող քրդաբնակ շրջաններին ավելի լայն իրավունքներով օժտելու հնարավորության հետ: Այդ դեպքում քրդաբնակ շրջանների իշխանությունները, զուտ տնտեսական շահավետությունից ելնելով, իրենք կզարգացնեն կապերը Հայաստանի հետ: «Առայժմ Հայաստանի սահմանի երկայնքով ապրող քրդերի նման ջանքերը արգելակվում են կենտրոնական իշխանության կողմից», - նշել է Արիս Նալչըն` որպես օրինակ բերելով ազգությամբ քուրդ գործարարներից մեկի` Վան-Երեւան  ավիաչվերթի բացման նախաձեռնությունը:

Այս քայլը մի քանի ամիս առաջ լայն քննարկումների առիթ դարձավ, հետագայում էլ արագորեն մոռացվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ