News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է Հադրութի շրջան, ծանոթացել գյուղերի խնդիրներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բանաձոր գյուղում նա հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել գյուղում առկա խնդիրները:

Առաքել գյուղում Բակո Սահակյանը մասնակցել է մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությանը: Նա երախտագիտություն է հայտնել բարերարներ Արարատ եւ Նարինե Հովսեփյաններին իրենց հարազատ գյուղում տարբեր ծրագրերի իրականացման, այդ թվում նաեւ` մանկապարտեզի կառուցման համար՝ ընդգծելով նման հայրենանվեր ձեռնարկների հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական նշանակությունը:

Երկրի ղեկավարը կարեւորել է պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնման գործընթացը` առանձնակի շեշտելով դպրոցական եւ նախադպրոցական ցանցի զարգացման անհրաժեշտությունը:

Արեւշատ գյուղում Բ. Սահակյանը հանդիպում է ունեցել Հադրութի շրջանի կենտրոնական եւ հարավային մասում գտնվող բնակավայրերի համայնքների ղեկավարների հետ: Համայնքապետերը ներկայացրել են գյուղերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առկա հիմնախնդիրները եւ զարգացման ծրագրերը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ շրջանում առկա է զարգացման մեծ ներուժ, եւ պետությունը նախատեսել է շրջանում`հատկապես նրա հարավային մասում իրականացնել մի շարք խոշոր ծրագրեր, մասնավորապես, գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում: ԼՂՀ նախագահի խոսքով` դա դրականորեն կազդի ոչ միայն շրջանի, այլեւ հանրապետության տնտեսության զարգացման վրա:

Բակո Սահակյանը նշել է, որ այդ ծրագրերի հաջող իրականացման համար առանձնակի նշանակություն ունի տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը եւ այս համատեքստում նրանցից ակնկալում է կազմակերպված ու ակտիվ մասնակցություն:

Նախագահն այցելել է նաեւ Քաշաթաղի շրջանի հարավային թեւում գտնվող Թովմասար ձորակը եւ տեղում ծանոթացել իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ