News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում այժմ զենք կրող 25-27 հազար քաղաքացի կա: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնել են Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոստիկանությունից ասել են, որ այսօր Հայաստանում 16 գրանցված առեւտրային կազմակերպություն կա, որոնք զենք են ներկրում եւ վաճառք իրականացնում: Զենք ներկրելու եւ վաճառելու լիցենզիան տրամադրում է ՀՀ ոստիկանությունը, իսկ Հայաստան զենք ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Եվրոպական երկրներից:

NEWS.am-ը փորձել է ճշտել, թե որքա՞ն գումարից են սկսվում մեզ մոտ զենքի գները: Երեւանում զենք վաճառող խանութների թիվը շուրջ մեկ տասնյակ է, իսկ զենքերի գները` տարբեր: «Զենքերի աշխարհ» խանութում դրանք սկսվում են  80.000 դրամից-150.000 դրամ, «Բուրաստանում»` 90.000 դրամից, «Ասպարում», «Նագանում», «Որսորդում» եւ այլ խանութներում` 100.000 դրամից  եւ այսպես կարող են հասնել մինչեւ միլիոների:

Զենք վաճառող ծանութներից մեզ հայտնեցին, որ զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման համար անհրաժեշտ կլինի մոտ 20.000 դրամ եւ  իհարկե զենք գնելու համար անհրաժեշտ գումարը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հունիսի 29-ի դրությամբ, Հայաստանում 2103 պարգեւատրական զենք կա: «Զենքի մասին» օրենքի համաձայն` զենք նվիրելու իրավունք ունի այն քաղաքացին, ով ունի այն ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն, նվեր ստացողը` նույնպես: Զենքով պարգեւատրելու իրավունք Հայաստանում ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը եւ ԱԱԾ տնօրենը: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին կարող են պարգեւատրել այլ պետությունների ղեկավարները. պարգեւը 3-շաբաթյա ժամկետում պետք է գրանցվի ոստիկանությունում:

Նշենք, որ  «Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թվականին, որը կարգավորում է քաղաքացիական, ծառայողական, մարտական զենքերի ձեռքի մյուս զինատեսակների շրջանառությունը ՀՀ-ում: Քաղաքացիական զենքը լինում է ինքնապաշտպանական, սպորտային եւ որսորդական, որն էլ ունի իր տարատեսակները: Ծառայողական զենքը նախատեսվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց օգտագործման համար: Մարտական զենք կարող են օգտագործել ՊՆ, ԱԱԾ, ոստիկանության ստորաբաժանումները` օպերատիվ ծառայողական գործողություններ իրականացնելու համար:

Գործող օրենքով` 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենքի տեսակներ, բայց ոչ ծառայողական կամ մարտական: Զենք ձեռք բերելու իրավունքն ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք բնակության վայրից, հաշվառման վայրից, անձը հաստատող, առողջության մասին փաստաթղթեր, իսկ դատվածության մասին փաստաթուղթը կամ դրա բացակայությունն ապահովում է ՀՀ ոստիկանությունը:  Ձեռք բերված զենքը պետք է պահվի կողմնակի անձանց հասանելիությունը բացառող պայմաններում:

 Շարունակելի

 Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ