News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի վրա ճնշումների մասին խոսակցություններն ուղղակի չափազանցություն են: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հուլիսի 9-ին ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովից հետո` համաժողովին մասնակցող սպաների հետ հանդիպման ժամանակ:

Հարցին, թե ո՞ր փուլում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, եւ արդյոք միջազգային հանրության կողմից կա՞ն ճնշումներ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նախ պետք է ասեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով: Գործընթացը շարունակվում է, եւ այդ գործընթացում մենք կառուցողական ենք: Այդ մասին բոլորը գիտեն, եւ իմացողների մի մասը մեզ խրախուսում է, մյուս մասը փորձում է քննադատել: Բայց էականը դա չէ, էականն այն է, որ ճնշումների մասին խոսակցություններն ուղղակի չափազանցություն են: Համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները, բոլոր՝ ես նկատի ունեմ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի դիրքորոշումները: Այդ գործընթացը դժվարությամբ է ընթանում, բայց այդպես էլ պետք է լիներ: Մենք երբեք էլ չենք ակնկալել հեշտ լուծում: Մեր դիրքորոշումը հայտնի է, եւ այդ դիրքորոշումը հեշտությամբ չի ընդունվում մյուս կողմում: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացի լուծում լինի: Եթե քեզ նման սպաները շատ լինեն, ովքեր մեր վստահությունը բարձրացնում են, մեր ուժերը կրկնապատկում են, ուրեմն մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Որքան դուք ուժեղ լինեք, որքան մեր բանակը մարտունակ լինի, այնքան մենք ավելի լավ բանակցային դիրք ենք ունենալու: Այնպես որ` նախ շնորհակալ եմ եւ երկրորդ` քեզ բարի ծառայություն եմ մաղթում»:

Ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը վստահեցրել է, որ ինքը եւ իր բոլոր ընկերները` ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաները չեն թերագնահատում հակառակորդին, բայց եւ վստահ են իրենց ուժերին եւ պատրաստ` պատվով կատարել ամենադժվարին հանձնարարություններն անգամ:

Նշենք, որ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ