Ֆրանկֆուրտի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին միացած իրաքցուն՝ եզդի փոքրամասնության ցեղասպանության համար։ Սա դատարանի նման ձեւակերպմամբ առաջին վճիռն է, հաղորդում է AFP-ն։
29-ամյա Թահա Ալ-Ջումայլին մեղավոր է ճանաչվել ցեղասպանության, մարդկության դեմ մահվան հանգեցրած հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ռազմական հանցագործություններին նպաստելու եւ մահացու մարմնական վնասվածքներ հասցնելու համար՝ 2013 թվականին «Իսլամական պետությանը» միանալուց հետո: Ամբաստանյալը դատարանում դատավճռի հրապարակման ժամանակ կորցրել է գիտակցությունը։
Մայիսին ՄԱԿ-ի հատուկ քննիչները հայտարարել են, որ «հստակ եւ համոզիչ ապացույցներ» են հավաքել ԻՊ-ի կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ:
«Սա այն արդյունքն է, որը հույս ունեին տեսնել բոլոր եզդիները եւ ցեղասպանությունը վերապրածները»,- դատավճռից հետո AFP-ին ասել է Նաթիա Նավրուզովան՝ փաստաբան եւ «Յազդա» ՀԿ-ի անդամ, որը ապացույցներ է հավաքում ԻՊ-ի կողմից եզդիների դեմ կատարած հանցագործությունների մասին:
«Այսօր պատմական օր է մարդկության համար, եւ եզդիների ցեղասպանությունը վերջապես մտավ միջազգային քրեական իրավունքի պատմության մեջ։ Մենք կհոգանք, որ նման ավելի շատ դատավարություններ լինեն»,- ասել է նա։
Ըստ դատախազության՝ Ալ-Ջումայլին եւ նրա նախկին կինը՝ Ջենիֆեր Վենիշ անունով գերմանուհին, եզդի կնոջ ու երեխայի են «գնել»՝ որպես տնային «ստրուկներ», երբ ապրելիս են եղել 2015 թվականին ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլում:
Ալ-Ջումայլին մեղադրվում է 50 աստիճան շոգին հինգ տարեկան աղջկան շղթայելու մեջ՝ որպես ներքնակի վրա միզելու համար պատիժ։ Արդյունքում երեխան մահացել է ծարավից։
Առանձին դատավարության ժամանակ 30-ամյա Վենիշը հոկտեմբերին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ «մարդկության դեմ շահագործման ձեւով հանցագործությունների» եւ աղջկա սպանությանը օժանդակելու ու հրահրելու համար։
Երեխայի մայրը, ում անունը Նորա է, ինչպես Մյունխենում, այնպես էլ Ֆրանկֆուրտում ցուցմունք է տվել դստեր տանջանքների մասին։
Նա նաեւ պատմել է, որ իրեն մի քանի անգամ բռնաբարել են ԻՊ-ի ջիհադականները այն բանից հետո, երբ 2014 թվականի օգոստոսին ներխուժել են հյուսիսարեւմտյան Իրաքի Սինջար լեռներում գտնվող իր գյուղը: