News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է տեսաբան եւ մեկնաբան Ֆյոդր Լուկյանովի հոդվածը` հրապարակված RIA Novosti (անգլիական տարբերակ) կայքում:

2010թ. աշնանից Ռուսաստանը համաձայնեցված ջանքեր էր գործադրում վիճելի ղարաբաղյան տարածաշրջանի համար հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղուց հանելու նպատակով: Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումը հունիսին ոչ մի արդյունք չտվեց: Բանակցություններից հետո Բաքուն ու Երեւանը կանխատեսելիորեն մեղադրեցին հակառակ կողմին համաձայնագիրը տապալելու մեջ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն որերորդ անգամ հիշեցրեց, որ Բաքվի համբերությունն անսպառ չէ եւ պատերազմը դեռ չի ավարտվել:

Մեկնաբանները շտապեցին Ռուսաստանի միջնորդական ջանքերը որակել ձախողված: Ոմանք դա ասում էին ուրախությամբ, մյուսները` ցավով: Սակայն դա արդարացի չէ: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրոք Ռուսաստանն ինքնուրույն փնտրում է հիմնախնդրի լուծում: Դա անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հավանությամբ: Դա կապված է նրա հետ, որ խմբի մյուս անդամները չեն տեսնում առաջընթացի հույս եւ որեւէ օգուտ ակտիվ մասնակցությունից:

Ակնհայտ է, որ տարածաշրջանի կայունությամբ ավելի շատ շահագրգռված է Մոսկվան, քան Փարիզն ու Վաշինգտոնը: Ղարաբաղի պատճառով ռազմական հակամարտության ուրվականը հետապնդում է բանակցային գործընթացը եւ Մոսկվային դնում է ծայրահեղ ծանր իրավիճակում: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի շրջանակում եւ երկկողմ համաձայնագրերով, որոնք անորոշ ժամանակով երկարաձգվեցին անցած տարի: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտության ծագման դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու պաշտպանել Երեւանին, որպեսզի չկորցնի հուսալի հովանավորի եւ պաշտպանի համբավը:

Այդուամենայնիվ, Մոսկվան գիտակցում է Ադրբեջանի կարեւորությունը Հարավային Կովկասի եւ Փոքր Ասիայի էներգետիկ, հետեւաբար եւ աշխարհաքաղաքական հարցերում: Ռուսաստանն ուղղակի չի կարող իրեն թույլ տալ քանդել հարաբերությունները Բաքվի հետ: Այլ կերպ ասած, Մոսկվան պետք է ամեն գնով խուսափի որեւէ մեկի կողմն անցնելուց: Ռուսաստանի շահերից է բխում, նույնիսկ, անարդյունք բանակցությունների շարունակությունը եւ կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը, ինչն ինքնին նպաստում է ավելի ամուր խաղաղությանը: Այդ նպատակով Ռուսաստանը երկարաձգեց Գյումրիի ռազմակայանի վարձակալությունը մինչեւ 21-րդ դարի կեսը: Դա արվեց առաջին հերթին Ադրբեջանի ռազմական հզորության արագ աճը հակակշռելու համար: Ադրբեջանն ունի ռեսուրսների հսկայական գերազանցություն: Բաքու եւ Երեւան կատարած իմ այցերի ընթացքում ես ինքս տեսա, որ տվյալ հանգամանքներում հավասարակշռության պահպանումը միակ հնարավոր մարտավարությունն է: Ես չտեսա փոխզիջման ոչ մի նախանշան:

Ադրբեջանի համար գրեթե ազգային առաջնահերթություն է դարձել Ղարաբաղը վերադարձնելն այնպես, ինչպես Քաշմիրը Պակիստանի համար: Ադրբեջանի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ աճում է նավթի արտահանումից ստացվող հսկայական շահույթի եւ արագ տնտեսական աճի շնորհիվ: Բաքուն իր տարածքների մի մասի բռնազավթումը համարում է հսկայական պատմական անարդարություն, որը բոլոր միջոցներով պետք է շտկվի: Այդ զգացողությունը սրվում է նաեւ ընդհանրապես հայերի նկատմամբ ունեցած կասկածամիտ վերաբերմունքով: 90-ականների սկզբի այդ զգացմունքից հրաժարվելու փոխարեն Ադրբեջանում այն ինստիտուցիոնալացվում է: Հայաստանն ընդհանրապես չի վստահում Ադրբեջանին:

Երեւանը համոզված է, որ ռազմավարական զիջումները (բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ԼՂԻՄ-ի մաս չեղած բռնազավթված տարածքների փուլային վերադարձման խնդիրը) կհանգեցնեն 1990-ակնների ստեղծված դիրքերի եւ հակակշիռների ու զսպումների ամբողջ համակարգի կոլապսի: Պատերազմը կլինի անխուսափելի: Այսպիսով, Հայաստանը համարում է, որ պետք չէ որեւէ զիջում անել: Զիջումները հնարավոր չեն նաեւ այն պատճառով, որ այդ աստիճան ոչ ժողովրդական գործողությունների ռիսկի դիմելու համար երկու երկրների առաջնորդներն էլ այդքան ուժեղ չեն: Թեեւ Իլհամ Ալիեւը ամուր դիրքեր ունի Ադրբեջանում, սակայն չունի հոր հեղինակությունը: Հեյդար Ալիեւը խուսանավելու ավելի մեծ հնարավորություն ուներ: Իրավիճակը Հայաստանում ավելի բարդ է, քանի որ քաղաքական միջավայրն ավելի մասնատված է: Կան բազմաթիվ շահերի խմբեր, այդ թվում` արտաքին (հայկական Սփյուռք):

Փոխզիջման գնալու փորձը կարող է հանգեցնել սուր ներքին ճգնաժամի, իսկ Լեռնային Ղարաբաղի կորուստը` քաղաքացիական պատերազմի եւ հայկական պետականության կործանման: Ստատուս-քվոյի ամրացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերն այս համատեքստում ռացիոնալ են եւ տվյալ պահին ըստ էության չունեն այլընտրանք: Կողմերը գիտակցում են ուժի օգնությամբ ստատուս-քվոյի փոփոխության փորձերի հետ կապված ռիսկերը: Ադրբեջանը, որը երկնքից ընկած իր նավթային շահույթը, բարեբախտաբար, ներդնում է ոչ միայն ռազմական շինարարության, այլեւ ենթակառուցվածքներում եւ տնտեսության դիվերսիֆիկացիայի մեջ, այդ նվաճումները սպառնալիքի տակ չի դնի, եթե ռազմական գործողությունների հաջողությունը երաշխավորված չլինի: Սակայն այսօրվա պայմաններում այդ երաշխիքը չկա: Հայաստանը առավել եւս շահագրգռված է ստատուս-քվոյի պահպանմամբ: Լեռնային Ղարաբաղի համար նույնիսկ հաջող պատերազմը կարող է արագացնել Հայաստանի տնտեսական կործանումը:

Հայաստանի հետ բաց սահման ունեցող միակ երկիր Վրաստանն արդեն զգալի կախվածություն ունի Ադրբեջանից եւ Բաքուն կարող է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա, որպեսզի Վրաստանն օգնի կազմակերպել Հայաստանի շրջափակումը: Կա եւս մեկ գործոն, որը կարող է կտրուկ փոխել քաղաքական լանդշաֆտը: Ես նկատի ունեմ այն հզոր արտաքին շոկը, որի հետեւանքները կտարածվեն ամբողջ տարածաշրջանում: Դա կարող է լինել խոշոր միջազգային ճգնաժամ` կապված Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւան Իրանի հետ, որը խաղում է կարեւոր, սակայն երկու երկրներում իրարից տարբեր դեր:

Ենթադրենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը որոշեն, որ վատնելու ժամանակ այլեւս չկա եւ Թեհրանին չի կարելի թույլ տալ ստեղծել միջուկային զենք: Այդ որոշման աշխարհաքաղաքական ազդեցությունը կարող է մեծ իրարանցում առաջացնել եւ հող ստեղծել իրադարձությունների այլ զարգացման համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իրանն ունի զգալի ադրբեջանական փոքրամասնություն: Մյուս հնարավորությունը Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից սոցիալական եւ քաղաքական անկայունության տարածումն է Իրան եւ Թուրքիա (քիչ հավանական է), որոնք կարեւոր դեր են խաղում Հարավային Կովկասում, կամ Բաշար Ալ Ասադի ռեժիմի տապալումն է Սիրիայում:

Վերջին տարբերակը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, ինչի հետեւանքով կաճի տարածաշրջանային անկայունությունը եւ կառաջանա հայ փախստականների հոսք Սիրիայից: Այս սցենարները կարող են թվալ հիպոթետիկ եւ նունիսկ մտացածին, բայց ամեն դեպքում, վերջին մի քանի տարիներն ու ամիսները պետք է մեզ սովորեցնեին, որ ամեն ինչ հնարավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ