News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տեսականորեն բացառված չէ, որ Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված աղմուկի հետեւում ին-որ քաղաքական ուժեր են կանգնած: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ առաջին անգամ չէ, որ ինչ-որ ուժեր, որոնք աշխատում են ազգի դեմ եւ որոնց ձեռնտու չէ միացյալ հոգեւոր Հայաստանը, ձգտում են սեւացնել ազգային արժեքները, այդ թվում Հայ առաքելական եկեղեցին:

«Երկար տարիներ Հայոց եկեղեցին հայ ազգային էության պահպանման հիմքն է եղել եւ այդ տեսանկյունից չեմ բացառում, որ եկեղեցու դեմ նպատակաուղղված ակցիա է իրականացվում:

Ես ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀԿ-ն իր ծրագրային դրույթներում հատուկ տեղ է հատկացնում Հայ առաքելական եկեղեցուն ուրպես հոգեւոր ինստիտուտ, որը պահպանում է ժողովրդի հոգեւոր արժեքները:

Մենք պետք է շարունակենք պայքարը նման անընդունելի երեւույթների դեմ, որոնք ուղղված կլինեն մեր ազգային հոգեւոր միասնության դեմ»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, եկեղեցին կարող է խնդիրներ ունենալ, ինչպես ցանկացած առողջ օրգանիզմ, սակայն դա չի նշանակում, որ առանձին հոգեւոր անձանց ոչ ճիշտ վարքը կարող է առիթ դառնալ, որ մարդիկ իրենց դժգոհությունն ուղղեն կաթողիկոսի կամ եկեղեցու դեմ: «Նախքան Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը, պետք է իմանալ, որ նա ընտրվում է հոգեւոր խորհրդի կողմից` ցմահ: Այդ պահանջը չի բխում մեր երկրի ու  ժողովրդի շահերից եւ եթե կան ինչ-որ խնդիրներ, ապա դրանք կարելի է լուծել առանց սեւ PR-ի կիրառման»,- ընդգծեց հանրապետական պատգամավորը:

Ճշտող հարցին, թե իսկապե՞ս կարծում է, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետեւում կանգնած են անհայտ ուժեր,  Շարմազանովը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում: Ես որպես պատմաբան, կարող եմ հաստատել, որ 19-20 դարարեում եղել են կաթողիկոսներ, ովքեր եղել են ազգային գործիչներ եւ ամենակարեւորը տվյալ պարագայում կաթողիկոսի գործունեությունն է հայ ժողովրդի կյանքում: Վերջին 2 դարում եղել են դեպքեր, երբ փորձել են սեւացնել ոչ միայն կաթողիկոսներին, այլեւ եկեղեցու այլ ծառայողների:

Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականության դեմ ուղղված քարոզչությունը ֆինանսավորվում էր դրսից, այն ուժերի կողմից, ովքեր չէին ցանկանում տեսնել հոգեպես միավորված հայ ժողովուրդ: Մենք այսր պետք է բոլորս միավորվենք, քանի որ բոլորս էլ Հայոց եկեղեցու զավակներն ենք եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է անի իրենից կախված ամեն բան, որպեսզի այդ օրգանիզմն առողջ մնա»:

Հարցին, թե ստացվում է, որ չի՞ կարելի քննադատել եկեղեցուն եւ մասնավորապես կաթողիկոսին, Շարմազանովը պատասխանեց. «Եկեղեցու հանդեպ քննադատությունն անհրաժեշտ է, սակայն այն պետք է առողջ լինի: Մի բան է քննադատելը, մեկ այլ բան է կառույցը սեւացները, որը բացառիկ արժեք ունի, որը 1700 տարի լուրջ գործ է արել հայկական էության պահպանման համար: Մենք ունեցել ենք կաթողիկոսներ, որոնք լուրջ հայրենասիրական գործունեություն են ծավալել, օրինակ Ներսես Աշտարակեցին:

Մի քանի ամիս առաջ նման սեւ PR իրականացրեցին բանակի դեմ, հիմա` եկեղեցու դեմ: Եվ բանակում եւ եկեղեցում, եւ հասարակության մեջ մենք ունենք խնդիրներ, սակայն եթե մենք ուզում ենք լուծել այդ խնդիրները, մենք պետք է երկխոսության ճանապարհով գնանք, այլ ոչ ծայրահեղ քայլերի դիմենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գարեգին Բ-ն «Հայլուրին» տված հարցազրույցում նշել էր, որ իր հրաժարականը պահանջող «առանձին անհատներ` քաղաքական նպատակներից առաջնորդված կամ պատվեր ունենալով, տկարացնում են եկեղեցին»:

Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուր անհանգստության ալիք էր բարձրացել կապված Սանահին վանական համալիրի անմխիթար վիճակի հետ, որի վրա, բառիս բուն իմաստով, անտառ է աճել: Facebook սոցիալական ցանցում Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող խումբ է ստեղծվել, որոնք հայտարարում են, որ Գարեգին Բ-ն վարկաբեկում է Հայոց եկեղեցին իր վարքով եւ եկեղեցիների նկատմամբ իր անտարբերությամբ: Բացի այդ, սոցցանցում հարցում է կազմակերպվել, որի մասնակցողների շուրջ 80 տոկոսը կողմ է արտահայտվել Կաթողիկոսի հրաժարականին:

Նշենք, որ ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, դեռեւս 2006 թվականին Գարեգին Բ-ն Սանահինի վանքի անմխիթար վիճակին անդրադառնալով ասել էր, որ ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ