News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիան դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որի ընթացքում նա Երեւանում կոչ է արել դպրոցականներին «օկուպացնել» այդ երկրի արեւելքը, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հուլիսի 26-ի հայտարարությունում նշվում է, որ Անկարան խիստ դատապարտում է Սարգսյանի պատասխանը` այդ երկրի արեւելքը «օկուպացնելու» հարցին:

Թուրքիան հայտարարել է, որ դա «շատ անպատասխանատու պահվածք է»` նման խորհուրդ տալ երիտասարդությանն ու ապագա սերնդին, ինչը կարող է հանգեցնել երկու ժողովուրդների միջեւ թշնամանքի եւ ատելության գաղափարախոսության ձեւավորմանը:

Հայտարարությունում ասվում է, որ հիմա, երբ աշխուժացել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձերը, Հայաստանի նախագահի արտահայտությունները ցույց են տալիս, որ «նա խաղաղության որևէ մտադրություն չունի»:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի՞ Արեւմտյան Հայաստանը, ասել էր.

«Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն  ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել  ու՝ լավ կատարել:Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը:

Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում եւ ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ