News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օրերս Հայաստանում վերջացան «Lost and found in Armenia» (Կորսված ու գտնված՝ Հայաստանում) ֆիլմի նկարահանումները։ NEWS.am-ի թղթակցին հաջողվեց հարցազրույց վերցնել ֆիլմի պրոդյուսերներ Մարալ Ջերեջյանից (պրոդյուսեր «Sideways») եւ Վալերի ՄքՔաֆրիից (քաստինգ տնօրեն եւ պրոդյուսեր «American History X», «Neo Ned»): Մարալն ու Վալերին պատմեցին, որ արդեն մի քանի տարի է, որ մտահղացել էին Հայաստանում ֆիլմ նկարահանելու գաղափարը, սակայն միայն վերջերս է  նրանց հաջողվել լուծել ֆինանսական հարցերը։ «Ֆիլմը ժամանցի համար է, լիաթոք ծիծաղ առաջացնող կատակերգություն է, եւ կարծում եմ դերասաններին ամբողջությամբ հաջողվեց սցենարով նախատեսված արարները կյանքի կոչել»,- ասաց «Lost and found in Armenia» ֆիլմի պրոդյուսեր, Գլենդեյլի «Red Tie films» ընկերության պրոդուսեր Մարալ Ջերեջյանը՝ նշելով, որ կարողացել են երիտասարդ, բայց արդեն Հոլիվուդում հայտնի դարձած դերասանների ընդգրկել նկարահանումներում։

«Գլխավոր դերերում հանդես են գալիս Անժելա Սարաֆյանը (On the Doll, Kabluey, The Twilight Saga: Breaking Dawn) եւ Ջեյմի Քեննեդին (Bug, Malibu’s Most Wanted, Sol Goode, Son of the Mask, Extreme Movie, Spring Break’83, Bending the Rules): Երկուսն էլ արդեն լավ հայտնի են Հոլիվուդում։ Անժելան մի քանի ֆիլմերում է նկարահանվել, այդ թվում՝ բեսթսելլեր «Մթնշաղում», իսկ Ջեյմին hայտնի կատակերգու է»,-ասաց Ջերեջյանը՝ նշելով, որ Անժելա Սարաֆյանը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել Հայաստանից, եւ 24 տարի չի եղել հայրենիքում:

«Երկուսն էլ սիրահարվեցին Հայաստանին ու հայաստանցիներին։ Ասեմ, որ Հայաստանում նկարահանման պայմանները հոլիվուդյան դերասանի համար, մեղմ ասած, անսովոր էին։ Առաջին մեկ շաբաթը դժվար էր, բայց դրանից հետո Անժելան էլ Ջեյմին էլ սիրահարվեցին հայ ժողովրդին ու հայկական հյուրասիրությանը։

Ֆիլմում ցանկանում էինք ներկայացնել Հայաստանի կոլորիտը կատակերգական շղարշով, անդրադառնալ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, Ղարաբաղյան հակամարտությանը»,- նկատեց պրոդյուսերը՝ մի քանի խոսքով պատմելով սցենարը։

Մի քանի ամերիկացի երիտասարդներ մեկնում են Թուրքիա հանգստանալու։ Նրանք իրենց առօրյան շատ լավ են անցկացնում, մինչեւ մի օր որոշում են սավառնել կատերին ամրացված պարապլանով։ Փոթորկոտ եղանակի պատճառով նրանց վճռականությունը տեղի է տալիս, սակայն թուրք նավավարն ասում է .«մի անհանգստացեք, ոչինչ չի պատահի»: Արդյունքում սենատորի որդի Բիլլի պարապլանի պարանները կտրվում են, եւ փոթորիկը նրան քշում է դեպի Հայաստան։ Թուրքիայում նրան անհետ կորած են համարում, իսկ Հայաստանում որոշում են որ նա թուրք լրտես է, եւ այդպես սկսվում է Հայաստանում Բիլլի անհավանական արկածները, որի ընթացքում նա դառնում է հերոս, գտնում իր սերը։

«Մենք չենք աշխատել պահպանել աշխարհագրական ճշգրտությունը։ Հասկանալի է, որ պարապլանով անհնար է Թուրքիայի ծովափից Հայաստան հասնել, սակայն դա կատակերգության սիրահար հանդիսատեսին այնքան էլ չի հետաքրքրում, չէ որ նրանք սպասում են ոչ ֆորմալ, ծիծաղաշարժ դրվագների»,-ասաց Ջերեջյանը։

Պրոդյուսերի խոսքով՝ նկարահանումներին մասնակցել են նաեւ հայ դերասաններ, ի դեմս Միքայել Պողոսյանի եւ Հրանտ Թոխատյանի։

«Հայաստանում շատ լավ դերասաններ կան։ Կան նաեւ շատ լավ մասնագետներ, բայց նրանց` ժամանակակից կինոյում աշխատանքի փորձի պակասը շատ է զգացվում։ Խնդիրը կլուծվի, եթե մարդիկ փորձեն կինոբիզնեսով զբաղվել»,- նշեց Ջերեջյանը՝ ավելացնելով, որ բարձրակարգ մեկ ֆիլմ նկարահանելով, շատ ավելի արդյունավետ կարելի է Հայաստան աշխարհում ճանաչման ու գրավչության բարձրացման հարցը լուծել։

Ջերեջյանին գրեթե երկրորդեց ֆիլմի մյուս պրոդյուսեր Վալերի ՄքՔաֆրին՝ նշելով, որ ճիշտ շուկայաբանության դեպքում, ֆիլմը կարող է լավ եկամուտ ապահովել։

«Lost and found in Armenia»-ը մենք միայն հայ հանդիսատեսի համար չենք նկարահանել, այն պարզապես կոմեդիա է, եւ կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ հաջողություն կունենա։ Սցենարի հիմքում ունիվերսալ պատմություն է, այն կարող է պատահել ցանկացած երկրում, պարզապես մենք ցանկացանք, որ այն լինի Հայաստանում։ Մենք կարող էինք ֆիլմը այլ վայրում նկարահանել, քանի որ Հայաստանում բացարձակապես ժամանակակից տեխնիկա չկա։ Սակայն ֆիլմի պրոդյուսերները հայ են, այդ թվում եւ ես, արմատներով հայ եմ, ռեժիսորը՝ Գոռ Կիրակոսյանը եւս հայ է, որոշեցինք անպայման Հայաստանում նկարահանել։ Ցանկանում էինք ներկայացնել Հայաստանի անհայտ կոլորիտն ու բնությունը»,- ասաց ՄքՔաֆրին՝ նկատելով, որ Հայաստանում նկարահանումները միավորեցին հայ, վրացի եւ ամերիկացի մասնագետներին։

ՄքՔաֆրիի խոսքով՝ սա պարզապես ռոմանտիկ սիրային կատակերգական պատմություն է, որը սիրում են բոլոր հասակների եւ նախասիրությունների մարդիկ։

«Մենք հսկայական պոտենցիալ ունենք կինոինդուստրիան զարգացնելու համար։ Այսօր հոլիվուդյան ինդուստրայում մեծ թվով հայեր են աշխատում, սակայն հայերի մեծ մասը մեդիային լուրջ չի վերաբերում։ Ծնողները կարծում են, որ լուրջ մասնագիտություն է բժշկությունը, իրավաբանությունը, տնտեսագիտությունը, սակայն մոռանում են, որ մենք մեծ թվով հռչակավոր գրողներ եւ արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող մարդիկ ենք տվել աշխարհին»,- ասաց նա։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ հայերին, որպեսզի կարողանան լիարժեքորեն օգտագործել հոլիվուդյան ինդուստրայում հայազգի մասնագետների ներուժը բազմամյա փորձ ունեցող պրոդյուսերը պատասխանեց. «Պետք է միմյանց աջակցենք, ներդրումներ կատարենք ոչ միայն եկեղեցիների ու դպրոցների կառուցման համար, այլեւ կինոյի զարգացման։ Երբ ես այցելեցի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան ես պարզապես ապշեցի, թե որքան աշխարհահռչակ մարդիկ են անդրադարձել ու դատապարտել Ցեղասպանությունը, սակայն ոչ ոք դրա մասին չգիտի, որովհետեւ պետք է այցելի ինստիտուտ-թանգարան իմանալու համար, սակայն դրանցից յուրաքանչյուրը կարող է սքանչելի սցենար դառնալ ֆիլմի համար, այ հենց այստեղ է պետք մեծ ուշադրություն դարձնել»,- նշեց ՄքՔաֆրին՝ ավելացնելով, որ դա նույնը կլինի, ինչը արեց Սթիվեն Սփիլբերգը իր օսկարակիր «Շինդլերի ցուցակը» ֆիլմով։

Նշենք, որ «Lost and found in Armenia»-ի պրեմիերան, պրոդյուսերների խոսքով, տեղի կունենա Սուրբ Ծննդյան տոներին։ Բացի դրանից հեղինակները նախատեսում են ֆիլմը ներկայացնել միջազգային հռչակավոր մրցանակաբաշխություններին, այդ թվում Սանդանսին, Օսկարին եւ Ոսկե Գլոբուսին՝ «լավագույն արտասահմմանյան ֆիլմ» կատեգորիայում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ