News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ապո Ջաբարյանի հոդվածը` հրապարակված «Nouvelles d`Arménie» պարբերականում:

Հուլիսի 26-ին Գաֆեսչյան ընտանիքի հիմնադրամը հայտարարեց, որ շարունակելու է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանի շինարարությունը: Հիմնադրամը ցանկանում է շինարարությունն ավարտել մինչեւ 2015-ի ապրիլի 24-ը:

Նախագծի իրագործումը ընդհատվել էր նախկին գործընկերների` Գաֆեսչյան ընտանիքի հիմնադրամի եւ Ամերիկայի հայկական ասամբլեայի երկար դատավեճի պատճառով: Դատարանը վճիռ կայացրեց հունվարին:

Փետրվարին «California Courrier»-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրեց. «Այս երկար գործընթացի առավել կարեւոր արդյունքը դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի որոշումն է այն մասին, որ պայմանագրում զիջման վերադարձման կետն ուժի մեջ է եւ կիրառելի է: Դա նշանակում է, որ Հիմնադրամը նախկինում Ասամբելային տրամադրած տարածքը վերադարձնելու իրավունք ունի: Բացի այդ դատարանը հաստատեց, որ Հիմնադրամն ունի Հուշահամալիր-թանգարանի տնօրենների խորհրդի չորս անդամներից մեկին նշանակելու իրավունք»:

Հիմնադրամը դատարանում դարձյալ հաստատեց թանգարան կառուցելու մտադրությունը: Դատավճիռն ուղի հարթեց նախնական նախագծի իրագործմանը: Սակայն այդ ծրագրին նոր խոչընդոտներ ստեղծեցին Հիմնադրամի նախկին գործընկերներ Հրայր Հովնանյանը, Վան Գրիգորյանը եւ Անուշ Մաթեւոսյանը, որոնք Հայկական Ասամբլեայի կարեւոր ղեկավարներ են եւ Հուշահամալիր-թանգարանի նախկին տնօրեններն են:

Դատավճռում ասվում է, որ հուլիսից Հիմնադրամն ընդունում է Հուշահամալիր-թանգարանի ապագա տարածքի ակտը: Այն գրանցելու համար Հիմնադրամը 2 միլիոն դոլարի հարկեր, տուգանքներ ու  գրանցման տուրքեր է վճարել: 2009 թվականից Հուշահամալիր-թանգարանի ղեկավարներն այդ գումարները հրաժարվում էին վճարել: Հովնանյանի, Գրիգորյանի եւ Մաթեւոսյանը ստեղծած իրավիճակի պատճառով տարածքը կարող էր վաճառվել աճուրդում, իսկ նախագիծը տոկոսների եւ տուգանքների բեռի տակ թանկացել է 260 հազարով:   

Սասունյանը նշեց, որ առաջին անգամ ԱՄՆ դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելին 190 էջանոց վճիռը սկսել է Ադոլֆ Հիթլերի խոսքերով. «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին»: Նա շարունակել է` բացատրելով, որ Հիթլերը հղում էր կատարում «Առաջին համաշխարհային պատերազմի տարիների իրենց պատմական հողերի վրա ապրող հայկական բնակչության բնաջնջման օսմանյան թուրքական կառավարության բավական հաջող ջանքերին, որոնք այսօր հայտնի են որպես Հայոց ցեղասպանություն»:

Դատավորը նաեւ ավելացրել է, որ «Հայոց ցեղասպանությունը լայնորեն հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում բնակված 2,1 միլիոն հայերից 1,5 միլիոնը ոչնչացվել են, մի քանի հարյուր հազարը` տեղահանվել: Այդ ժամանակահատվածում հայ ժողովուրդը ենթարկվել է տեղահանման, ունեզրկման, բռնի դավանափոխության, խոշտանգումների, սպանությունների եւ սովի»:

Դատավորը, միանալով ԱՄՆ հայ համայնքի բազմաթիվ անդամներին, կոչ է արել Հովնանյանին, Գրիգորյանին եւ Մաթեւոսյանին, Ամերիկայի հայկական ասամբլեայի ղեկավարներին ականջալուր լինել Հայոց ցեղասպանության զոհերի ձայներին եւ մոռանալ Գաֆեսչյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին, միավորվել համայնքի մյուս անդամների հետ եւ իրագործել նախագիծը, որը երկար ժամանակ է պահանջում: Հակառակ դեպքում, մանր վրեժխնդրության պատճառով արժանավոր նախագծին դեմ գնալը մի օր կհետապնդի հենց իրենց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ