Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը չի տիրապետում տեղեկությունների` այդ երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների արդյունքում հայերի կամ ՀՀ քաղաքացիների տուժած լինելու մասին:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի հյուպատոս Գեւորգ Տերտերյանը:
«Մենք նման տեղեկություններ չունենք, որ Հայաստանի քաղաքացիներ կան տուժածների մեջ»,- նշեց նա: Հյուպատոսն ասաց, որ անկարգությունների տարածման վայրերում բնակվում են հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ: Նա նաեւ նշեց, որ եթե որեւէ նման դեպք լիներ, «բնականաբար առաջին մարմինը, ում պետք է տեղյակ պահեին, դա Հայաստանի դեսպանատունն է, բայց մինչ օրս նման բան չի եղել»:
Հյուպատոսը նաեւ ասաց, որ Հայաստանի դեսպանատունը գտնվում է Լոնդոնի անվտանգ վայրում եւ զանգվածային անկարգությունները չեն սպառնում նրան:
Նշենք, որ զանգվածային անկարգությունները Մեծ Բրիտանիայում սկսվել են օգոստոսի 6-ին Թոթենհեմում բողոքի խաղաղ ցույցից հետո, երբ մի քանի հարյուր մարդ բողոքում էր ոստիկանի կողմից սեւամորթ Մարկ Դագանի սպանության դեմ:
Բողոքի ցույցը վերաճել էր ջարդարարության եւ այժմ տարածվել է Լոնդոնի այլ շրջաններում եւ մի քանի այլ քաղաքներում: Ձերբակալվել է մոտ 1300 մարդ: