News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի հռչակելու իր անկախությունը եւ ճանաչում գտնելու միջազգային հանրության կողմից, ինչպես, օրինակ, Կոսովոն»,- կարծում է ֆրանսիացի պատգամավորը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, օգոստոսի 22-ին ղարաբաղցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդական շարժման միություն» խմբակցության անդամ Գի Տեսիեն հայտարարել է. «Արդյո՞ք մեկ դար հետո մի դիկտատորի քմահաճույքով Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետք է դարձյալ դժվարություններ ունենա` ապրելու այս հողի վրա, որն իրենն է»:

«Ինչո՞ւ պետք է լռեինք եւ չխոսեինք այն մասին, որ այս տարածքում իրավունք ունեն ապրելու այն մարդիկ, ովքեր պատմականորեն շատ խորը արմատներ ունեն այստեղ»,- շարունակել է ֆրանսիացի պատգամավորը, ով Լեռնային Ղարաբաղ է ժամանել իր երեք գործընկերների հետ` «մոտիկից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղին, ավելի լավ պատկերացում կազմելու հակամարտության մասին»:

«Հայաստան այցելելով` մենք ցույց ենք տալիս մեր բարեկամությունն այդ երկրի նկատմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ մեր համերաշխությունն այս երկրի նկատմամբ»,- ասել է Տեսիեն:
Ֆրանսիա - Լեռնային Ղարաբաղ խորհրդարանական շփումները կարծես թե ավանդական են դառնում: Վերջին մի քանի տարում  Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատգամավորական պատվիրակությունն արդեն մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ նույնիսկ հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում:
Գի Տեսիեն այժմ Լեռնային Ղարաբաղից հարց է հնչեցրել. «Ի՞նչ վատ արարք ենք անում` այցելելով մեր բարեկամներին: Արդյո՞ք մենք իրավունք չունենք այցելել այս ազատ երկիրը եւ ազատորեն տեսնել մեր բարեկամներին»:

Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, Վիեն քաղաքի քաղաքապետ Ժակ Ռեմիլեն նշել է, թե ինքն անձամբ եկել է Լեռնային Ղարաբաղ` հայտնելու իր մեծ համակրանքը ղարաբաղյան պայքարի նկատմամբ եւ ասելու, որ «Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի հռչակելու իր անկախությունը եւ ճանաչում գտնելու միջազգային հանրության կողմից, ինչպես, օրինակ, Կոսովոն»:

Ֆրանսիացի պատգամավորները իրենց այցի շրջանակներում կհանդիպեն նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ