News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հրաժարվելով իր նախկին ներդրումային քաղաքականությունից` Հայաստանի գլխավոր ավիափոխադրողը` «Արմավիա» ավիաընկերությունը, հետաձգում է դեպի Եվրոպա ընդլայնվելու եւ եվրոպական չափանիշներին համապատասխանելու ծրագրերը եւ իր ժամանակակից ինքնաթիռները փոխարինում է ավելի հին` խորհրդային մոդելներով` ծախսերի կրճատման նպատակով: Այդ մասին ասված է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության` 2004 թ. ապրիլի 5-ի հեռագրում, որը հրապարակել է WikiLeaks կայքը: Այդ քայլը խախտում է «Արմավիա»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ առկա համաձայնությունը եւ հանդիսանում անվստահության քվե Երեւանից եվրոպական չվերթները սպասարկող ժամանակակից ավիաընկերությունների առեւտրական կենսունակության հանդեպ:

«Բրիտանացի խորհրդական Բոբ Չապլինը, ով իրականացրել է «Արմավիա»-ի ղեկավարությունը, մեզ ասել է, որ «Արմավիա»-ի տնօրենները որոշել են, որ դեպի եվրոպական քաղաքներ «Արմավիա»-ի ծառայությունների ընդլայնման համար պահանջվող ներդրումները արդարացված չեն: Նա, մասնավորապես, ասել է, որ իրենք չեն ցանկանում կորուստներ կրել ներդրումների առաջին տարում եւ գերադասում են խնայել եկամուտները ավելի էժան, բայց շահավետ` դեպի ԱՊՀ երկրներ կատարվող թռիչքների հաշվին: Չապլինի խոսքով, ներկայումս «Արմավիա»-ն շարունակելու է իրականացնել ընթացիկ եվրոպական չվերթները դեպի Ֆրանկֆուրտ եւ Ամստերդամ, որպեսզի չզրկվի բացառիկ արտոնագրերից, որի համար ընկերությունը վճարել է 14.5 միլիոն դոլար: Չապլինը նշել է, որ այդ չվերթները եկամտաբեր կլինեն ամռան ընթացքում, բայց դրանից հետո նա ակնկալում է, որ «Արմավիա»-ն, հավանաբար կփորձի վաճառել արտոնագրերը կամ չեզոքացնել դրանք առաջիկա ձմռան ընթացքում:

«Արմավիա»-ի ակտիվների հանկարծակի վերակառուցումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ այն մտադիր է դուրս գալ եվրոպական չվերթներից: «Արմավիա»-ն իր ունեցած Airbus 320 5 ինքնաթիռներից 3-ը փոխանցելու է Ռուսաստանում «Սիբիր Ավիաուղիներին» եւ դրանք կփոխարինի հին խորհրդային ինքնաթիռներով, որոնք իրավունք չունեն վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում: (Լրացում. «Սիբիր Ավիաուղիները» տնօրինում են «Արմավիա»-ի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը): Ավիաընկերությունը դադարեցրել է նաեւ Lufthansa-ի հետ բանակցությունները եւ հետ է կանչել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հավաստագրի համար ներկայացրած հայտը: 

«Տնօրենները չափից դուրս ռուսացած են»,-ասել է մեզ Չապլինը` պատասխանելով այն հարցին, թե ինչու «Արմավիան» անհաջողություն է կրել արեւմտյան ավիաընկերություն դառնալու իր ծրագրերի մեջ: Եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ ծախսերը շատ ավելին էին, քան ակնակալում էին եւ պատրաստ էին վճարել տնօրենները:

Իր մարտավարությունից հրաժարվելով` «Արմավիա»-ն խախտում է կառավարության հետ կնքած պայմանագրի մի շարք ներդրումային պայմաններ, սակայն դեռ պարզ չէ, թե կառավարությունը ինչպես կարձագանքի: Առարկայական խախտման դեպքում կառավարությունը իրավունք ունի չեղյալ համարել «Արմավիա»-ի արտոնագրերը եւ դրանք վերավաճառել այլ ավիաընկերությանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի` իրավաբանական հարցերով խորհրդական Վիկտոր Մնացականյանի խոսքով, նախարարը գիտի «Արմավիա»-ի քայլի մասին, բայց կառավարությունը հարցի կապակցությամբ դեռ որեւէ որոշում չի ընդունել:

Եթե Հայաստանի կառավարություը հետ կանչի «Արմավիա»-ի արտոնագրերը, դա կարող է էականորեն վատացնել իրադրությունը. «Արմավիա»-ի 14 միլիոն դոլարանոց կորուստը նախազգուշական ազդակներ կուղարկի պոտենցիալ ներդրողներին: «Արմավիա»-ի մարտավարության փոփոխումը լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համար` ենթադրելով, որ Հայաստանը չի կարող ապահովել ժամանակակից արեւմտյան չափանիշներին համապատասխանող ավիաընկերությանը, եւ զրկում է դեպի ծով ելք չունեցող երկրին կենսականորեն անհրաժեշտ տրանսպորտային կապերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ