News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձնելու մասին այդ երկրի կառավարության ընդունած որոշումը «ծխածածկույթ» է: Նման գնահատական է տվել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը համոզմունք է հայտնել, որ քրիստոնեական եւ հրեական համայնքների` 1936 թվականին բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու որոշումը պաշտոնական Անկարան կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կորուստներից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող` Թուրքիայում քրիստոնեական համայնքների նկատմամբ ճնշումների վրա ուշադրություն հրավիրող օրինագծերի բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի պնդմամբ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության որոշմամբ, վերադարձվելու է Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրան հաջորդած տասնամյակներին բռնագրավված եկեղեցիների եւ նրանց ունեցվածքի մեկ տոկոսից էլ պակասը:

«Հայերի, հույների եւ ասորիների դեմ գործադրված ցեղասպանությունից 96 տարի անց, այս հրամանագիրը ծխածածկույթ է` խուսափելու համար այդ վայրագությունների շատ ավելի մեծ հետեւանքներից», - հայտարարել է Խաչիկյանը: Նա հավելել, որ Հայ դատի հանձնախումբը ակտիվացնելու է աշխատանքը ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ վարչակազմի հետ` ապահովելու, որպեսզի Թուրքիայի կառավարությունը քրիստոնեական համայնքներին վերադարձնի «իր ոճրագործության պտուղները»:

Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությանը, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները եւ վերջ տալ քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ ճնշումներին:

2012 թվականի ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի լիազորման մասին փաստաթղթում Կոնգրեսում դեմոկրատների խմբակցության ազդեցիկ անդամ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովարդ Բերմանի եւ հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիի առաջարկած այս ուղղման հիմքում ընկած են ավելի վաղ Բերմանի եւ հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի ներկայացրած «Եկեղեցիների վերադարձը» թիվ 306 բանաձեւի նախագծի ձեւակերպումները: Հաղորդում է «Ազատությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ