News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երգիչ Անդրեն երեկ` օգոստոսի 31-ին  վերադարձել է ԱՄՆ-ից եւ հայրենիքում տհաճ անակնկալի է եկել` տեսնելով, որ իր անունը կրող ինտերնետային էջը` andre.am-ը, կոտրել են ադրբեջանցի հաքերները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երգիչը պատմեց, որ պատրաստվում է դիմել համապատասխան մարդկանց, որպեսզի զբաղվեն այս հարցով: Անդրեի խոսքով` իրենց դոմենի հետ կապված խնդիրներ կան:

Բանն այն է, որ այն ընկերությունը, որը տրամադրել է դոմենը, կորել է եւ մեկ տարի է`չեն կարողանում գտնել: «Մենեջերս` քույրիկս, ման էր գալիս իրենց, բայց չկային, հետո պարզվեց, որ մեր դոմենն ուրիշի է պատկանում, պարզ է, որ իրար մեջ են արել: Փորձել են վատություն անել մեզ` մտածելով, որ այդ դոմենը շատ թանկ գներով կարող են վաճառել: Մենք չգիտենք` ոնց գտնենք, ում հետ խոսենք: Կարծում եմ` դա դատական գործ է, բայց ես այդքան ժամանակ չունեմ դրանով զբաղվելու»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչը: Անդրեն այդ դոմենը գնել է 2005թ-ին, դրանից հետո այն նորմալ աշխատում էր, վճարումները կատարում էին, բայց 1,5 տարի է` չկա դոմենը տրամադրող կազմակերպությունը, որպեսզի վճարումները շարունակեն կատարել. «Չկան, չկան, հետո տեսնում ենք, որ մեր դոմենը մեզ չի պատկանում; Կայք, որը կրում է իմ անունը, բայց որի հետ, ցավալիորեն, ես կապ չունեմ»,- ասաց Անդրեն:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ ջարդում են երգիչ Անդրեի էջը: Դրանից առաջ andre.am-ը ջարդել են, երբ 2007թ նա ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլում»: Պատճառը, երգչի կարծիքով, այն է, որ այդ ժամանակ ադրբեջանցիները հնարավորություն չունեին մասնակցելու այդ մրցույթին եւ այդպես էին արտահայտում իրենց զայրույթը: Իսկ այդ շրջանում լրագրողները փորձում էին նրա կայքից վերցնել կենսագրությունը եւ այլ տվյալներ: Հարցին, թե կարո՞ղ է նրա կայքը կոտրել են` մտածելով, որ Անդրեն նորից կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, նա նշեց, որ չգիտի:

Նշենք, որ երգիչ Անդրեի անունը կրող ինտերնետային էջը` andre.am-ը կոտրել են ադրբեջանցի հաքերները: AsSerT անունով հաքերը ծնունդով արցախցի երգչի կայքում տեղադրել է զինվորական հագուստով Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարը հետեւյալ գրությամբ` «We Never Forget Mubariz Ibrahimov !» ( «Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին»):

Հիշեցնենք, որ Մուբարիզ Իբրահիմովը անցած տարի հուլիսի 18-ի, լույս 19-ի գիշերը Արցախի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ էր: Ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիայի հետեւանքով հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել 4 զինծառայող: Դիվերսիոն խումբը փախել էր՝ մարտի դաշտում թողնելով Իբրահիմովի դիակը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետմահու Իբրահիմովին շնորհել էր հերոսի կոչում` «ակնառու ծառայությունների եւ ցուցաբերած արիության համար»:

 

Տպել
Ամենաշատ