News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-ին լրանում է հայ աստղագիտության երախտավորներից մեկի` Վահե Օսկանյանի 90-ամյակը: Նա միաժամանակ հայտնի է թե որպես Հարավսլավիայի ամենանշանավոր աստղագետներից մեկը, եւ թե որպես Բյուրականի աստղադիտարանի կարեւորագույն ուղղություններից մեկի` փոփոխական աստղերի ուսումնասիրության առաջատարներից: Ծնվել է 1921թ. սեպտեմբերի 2-ին Բելգրադում: Նրա հայրը Սողոմոն Թեհլերյանի հորեղբոր որդին էր: Բելգրադում ավարտել է միջնակարգ դպրոցը եւ գիմնազիան: 1940թ. ընդունվել է Բելգրադի համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, այնուհետեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1946թ., փոխելով ֆակուլտետը, ուսումը շարունակել է նույն համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժնում, որն ավարտել է 1949թ.: 1948-ից աշխատել է Բելգրադի աստղադիտարանի կրկնակի եւ փոփոխական աստղերի բաժնում: 1952-ից ղեկավարել է փոփոխական աստղերի ուսումնասիրության խումբը: Օգտագործելով իր իսկ պատրաստած էլեկտրալուսաչափ-բեւեռաչափը, 1952-1953թթ. գրանցել է UV Կետի աստղի վրա երբեւե դիտված ամենամեծ բռնկումները: 1956-1957թթ. համագործակցության ծրագրով աշխատել եւ կատարելագործվել է Բյուրականի աստղադիտարանում: 1960թ. հիմնադրել է Բելգրադի աստղադիտարանի աստղաֆիզիկայի բաժինը, որը ղեկավարել է մինչեւ 1966թ.: 1961թ. պաշտպանել է UV Ceti տիպի փոփոխական աստղերի ուսումնասիրությանը նվիրված դոկտորական թեզ: 1964-ից դասախոսել է Բելգրադի համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժնում:

1964 եւ 1965 թթ. ընտրվել է Բելգրադի աստղադիտարանի տնօրեն, զուգահեռաբար հանդիսանալով Բեգրադի աստղադիտարանի բյուլետեն եւ Բելգրադի աստղադիտարանի հրապարակումներ պարբերականների գլխավոր խմբագիրը: 1966թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան եւ աշխատանքը շարունակել Բյուրականի աստղադիտարանի էլեկտրալուսաչափության լաբորատորիայում, որը ղեկավարել է 1970-1986թթ.: 1970-1980թթ. դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնում: 1986թ. տեղափոխվել է Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտ, ուր զբաղեցրել է աստղաֆիզիկայի բաժնի վարիչի պաշտոնը: Օսկանյանին է պատկանում աստղերի բռնկումների դասակարգումն ըստ բռնկման պայծառության եւ տեւողության: Ցույց է տվել, որ նման բռնկումներ տեղի են ունենում նաեւ այլ՝ ոչ կարմիր թզուկ, աստղերի վրա, եւ որ այդ բոլոր աստղերի, ինչպես նաեւ Արեգակի բռնկումներն ունեն նույն բնույթը: Հրապարակել է 87 գիտական աշխատանք, նաեւ տասնյակ գիտահանրամատչելի հոդվածներ: Եղել է Միջազգային Աստղագիտական Միության անդամ: Վախճանվել է 1989թ. Երեւանում:

 

Տպել
Ամենաշատ