News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում` նվիրված Երեւան քաղաքում կրպակների ապամոնտաժման խնդրին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները,  Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Հովհաննես Մարգարյանը նշել է, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած  քննարկման արդյունքում ԱԺ խմբակցությունները որոշել են  նշված հարցի կապակցությամբ անցկացնել աշխատանքային քննարկում եւ հարցի առնչությամբ քաղաքապետարանից  ստանալ տեղեկատվություն, ինչն էլ կնպաստի, որպեսզի խմբակցությունները ներկայացնեն իրենց առաջարկները եւ տեսակետները:

Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Երեւանում գտնվող 3827 կրպակներից  արդեն ապամոնտաժվել է 1138-ը, դրանք վերջին տարիներին չեն գործել եւ չեն ունեցել փաստաթղթեր:  Ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի դիքորոշումը` Տարոն Մարգարյանը նկատեց, որ   հաշվի առնելով նաեւ քաղաքացիների առաջարկները` ապամոնտաժվում են բացառապես պետական գրանցում չունեցող կամ գործունեության պայմանագրերի ժամկետները լրացած,  քաղաքի Կենտրոն վարչական համայնքի կենտրոնական փողոցներում գտնվող կրպակները եւ տաղավարները:

Նշվեց, որ ներկայումս Կենտրոն վարչական համայնքում գործում են 180 կրպակներ, որոնք չունեն պետական գրանցում եւ գործում են անօրինական:

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով կրպակատերերի հետ ընթանում են բանակցություններ, որպեսզի կրպակները տեղադրվեն այլ վայրերում:

Բացի այս,  առկա է նաեւ քաղաքապետի հստակ հանձնարարական, ըստ որի, այսուհետ նոր կրպակների համար տարածքներ չեն հատկացվելու, ինչպես նաեւ չեն երկարացվելու գործող կրպակների ժամկետները:  Չեն  ապամոնտաժվելու քաղաքի մյուս` 11 վարչական համայնքների երկրորդական,  երրորդական փողոցներում կամ բակային տարածքներում գտնվող կրպակներն ու տաղավարները`  անկախ  դրանց իրավական կարգավիճակից :

Քննարկման ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկներ եւ խնդրի լուծման տարբեր ճանապարհներ:  Մասնավորապես անդրադարձ է եղել քաղաքի Աբովյան փողոցում գործող կրպակներին եւ դրանց նկատմամբ եւս համարժեք վերաբերմունք ձեւավորելու հարցին:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել է հանձնաժողովին եւ  ԱԺ խմբակցություններին ներկայացնել տեղեկանք, որում նշված կլինեն խնդրի վերաբերյալ   նախատեսված եւ կատարված բոլոր   քայլերն ու տվյալները,  ժամանակացույցը եւ հայեցակարգը:

Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ պատգամավորներն այն առաջիկայում կստանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ