Սեպտեմբերի 7-ին լրանում է ուղիղ մեկ տարի մոսկովյան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանի սպանության օրից:
Ռուսաստանի ՆԳ Գլխավոր վարչությունից հայտնել են, որ 9-րդ դասարանի աշակերտ ազգությամբ ադրբեջանցի Մամեդովը, ինչպես եւ Էդուարդը, ՌԴ քաղաքացի է: Իրավապահ մարմինների համաձայն, վեճը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում:
Քրեական գործը փակվել է:
Մեկ տարի անց Էդիկի մայրը` Ալլա Մակարյանը, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է, որ իր որդին սպանվել է միեւնույն հարվածով, ինչպես եւ Իվան Ագաֆոնովը: Մամեդովը տիրապետել է ռազմական արվեստին, սակայն ի տարբերություն Ռասուլ Միրզաեւի, ով հարվածելուց հետո փորձել է հետ բերել տուժածին, Մամեդովը շարունակել է ծեծել Էդիկին, ով ծեծկռտուքից որոշ ժամանակ անց մահացել է:
Էդիկին սպանել են պրոֆեսիոնալ մարտական հարվածով: Նույնիսկ եթե Էդիկ Մարկարյանը լիներ առողջ երիտասարդ, նա միեւնույն է կմահանար այդ հարվածից, հաղորդում է թերթը:
Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը խրոնիկական հիվանդություններ է ունեցել, որոնք վճռական դեր են խաղացել:
Հատկանշական է, որ բժշկական հանձնաժողովի ստուգման արդյունքում Էդիկը զինվորական ծառայության համար պիտանի է համարվել: Նրա բժշկական քարտում եղել են գրառումներ, որոնք հաստատում են սրտի աշխատանքի փոփոխությունները: Իրավիճակը տարօրինակ շրջադարձ է ունեցել. բժշկի խոսքով, Էդիկը «կարող էր մահանալ սառը ցնցուղ ընդունելու, շան հաչոցի, անգամ մեքենաների դղրդյունի ժամանակ»: Այդ դեպքում, ինչո՞ւ են նրան հաշվառման կանգնեցրել: Չե՞ն հայտնել վիրահատման մասին, չե՞ն հաշվառել որպես հաշմանդամ: Չէ՞ որ այսօր բժշկական էթիկան թույլ է տրվում անգամ օնկոլոգիական հիվանդին ասել ճշմարտությունը», նշում է թերթը:
Երբ քրեական գործը փակվել է, Ալլա Մակարյանը եռակի քաղաքացիական հայց է ներկայացրել Մամեդովի, Մոսկվա քաղաքի առողջապահության վարչության եւ թիվ 82 հիվանդանոցի գլխավոր բժշկի դեմ, ով հայտարարել էր, որ բժշկական էթիկան թույլ չի տվել իրեն հայտնել մորը, որ Էդիկը հիվանդ է:
Ալլա Մակարյանն ասում է, որ կարեկցող մարդիկ, ովքեր աշխատում են «Ցարիցինսկի» շուկայում (այնտեղ աշխատում է նաեւ Մամեդովի հայրը) պնդում են, որ Մամեդովի դեմ հարուցված քրեական գործը փակելու համար Մամեդով ավագը գործընկերներից 7 միլիոն ռուբլի է հավաքել: Ալլա Մակարյանը ասում է, որ անպատիժ չի թողելու այդ ողբերգական իրադարձությունների մեղավորներին: