News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստան-Սլովակիա խաղում Հայաստանի հաղթանակին քչերն էին հավատում, իսկ նման փառավոր հաղթանակ` 4:0 հաշվով, ոչ ոք չէր սպասում: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները մեր քաղաքական գործիչների շրջանում:

Մեր զրուցակիցները` Հայաստանի ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՖՖ նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նախեւառաջ շնորհավորեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տպավորիչ հաղթանակի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաղթանակներ:



Հայաստանի ԱԺ անկախ պատգամավոր եւ մեծ ֆուտբոլասեր Վիկտոր Դալլաքյանը ֆուտբոլային խաղերը դիտում է ընտանիքի անդամներից առանձին, քանի որ մենակ դիտելիս կարողանում է իր զգացմունքներն արտահայտել: Նրա ընտանիքի անդամները ըմբռնումով են վերաբերվում պատգամավորին եւ գիտեն, որ եթե Վիկտոր Դալլաքյանը ֆուտբոլ է դիտում, իր հետ գործ չպետք է ունենան: Գոլ գրանցվելու դեպքում Վիկտոր Դալլաքյանը շատ բարձր է գոռում, այնպես, որ վերեւի հարեւանն արթնանում է:

«Մեր դիմացի շենքում 4-5 հոգի ֆուտբոլը նայում էին, բայց նաեւ խմում էին, եւ ամեն անգամ, երբ մերոնք գոլ էին խփում, նրանք 20 վայրկյան հետո էին գոլ գոռում, էնքան խմած էին, որ չէին ջոկում, որ մերոնք գոլ են խփել»,- պատմեց Դալլաքյանը` հավելելով, որ ինքը 4 անգամ ժամանակին «գոլ» է գոռացել: Անկախ պատգամավորի կամ նրա հարեւանների բախտը բերել է, քանի որ նրա հարեւանները եւս ֆուտբոլասեր են եւ Դալլաքյանից ավելի բարձր են գոռում:

Պատգամավորը ոչ միայն ֆուտբոլ է սիրում, այլեւ շատ լավ հասկանում է խաղից: Նրա ամենասիրած ֆուտբոլիստները Մարադոնան եւ Մեսսին են, իսկ սիրելի հավաքականը Հայաստանի ազգային հավաքականից հետո 1974թ Հոլանդիայի հավաքականն է: «Եթե դուք հարցնեք հին ֆուտբոլասերներից, նրանք կասեն, որ ես շատ բարձր ճաշակ ունեմ»,- «համեստորեն» նշեց Վիկտոր Դալլաքյանը: Նա նաեւ պատմեց, որ Հենրիկ Մխիթարյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, հայտնի ֆուտբոլիստը նրան է նվիրել իր մարզազգեստը, իսկ Դալլաքյանը խոստացել է բարձր պահել նրա պատիվը: Ի դեպ, շաբաթական երկու անգամ Վիկտոր Դալլաքյանը գնում է ֆուտբոլ խաղալու, իսկ մեկ օր էլ գնում է լողավազան եւ սաունա: Օրինակ` այսօր նրա` սաունա գնալու օրն է:



Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը եւս մեծ հրճվանք է ապրել խաղը դիտելիս, նրա կարծիքով` տղաները հրաշալի ֆուտբոլ են խաղացել, ինչն ամբողջ թիմի եւ մարզիչի աշխատանքի արդյունքն է: Սուրեն Աբրահամյանը ֆուտբոլը տանը տղայի հետ է դիտել, հրճվել է, ուրախացել, բայց իրեն զուսպ է պահել: Նրա խոսքով` տղան ավելի էմոցիոնալ էր արձագանքում խաղին, իսկ ինքը ուշադրություն էր դարձնում խաղի որակին, ինչ եւ ինչպես են խաղում: «Շատ լավ էր կազմակերպված, ապրի Վարդան Մինասյանը»,- նշեց նա, հավելելով, որ խաղադրույքներ չի անում:

Մեր զրուցակիցներից` ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը խաղը դիտել է թոռնիկի հետ: Ի դեպ, եւ թոռը, եւ պատգամավոր պապիկը երեկ խաղադրույքներ էին դրել, Ռաֆիկ Պետրոսյանը կորցրեց իր 1000 դրամը, իսկ թոռնիկը 1000 դրամ աշխատեց: «Մենք միշտ 1000 դրամի խաղադրույք ենք անում: Մեկ է պետք է հաջորդ օրը տայի, որ բուֆետ գնար, շահեց եւ իր հաշվին գնաց բուֆետ»,- խոստովանեց պատգամավոր պապիկը: Նրա խոսքով` թոռնիկն ավելի լավ է կանխատեսում, քան` ինքը: Ռաֆիկ Պետրոսյանը նշեց նաեւ, որ շատ լավ է, որ մարզիչը նույնպես Հայաստանից է, «քանի որ միայն հայը կարող է հայկական թիմը ջիգյարով մարզել եւ Վարդան Մինասյանը այդպես էլ արել էր»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս խաղը դիտել էր ամբողջությամբ` ամուսնու եւ որդու հետ:  Չլինելով մոլի ֆուտբոլասեր` Բիշարյանը դիտում է այն խաղերը, որտեղ հայերն են խաղում: Նրա խոսքով վերջին հաղթանակները ազդակ են, որպեսզի կանայք ավելի ուշադիր լինեն ֆուտբոլային խաղերի նկատմամբ: Հեղինե Բիշարյանը խոստովանեց, որ իրենց  տանը այդ խաղի ընթացքում ամենաբարձը գոռում էր ամուսինը, իսկ ինքը միայն ուրախանում էր եւ խորհուրդ տալիս` կամաց գոռալ, քանի որ հարեւանները քնած կլինեն: «Ես կարծում եմ, որ այս հաղթանակները հիմնաքար կհանդիսանան, որպեսզի մեր տղաները փորձեն պահել այդ նիշը եւ նորանոր հաղթանակներ ունենան»,- նշեց ՕԵԿ անդամը:

Ի դեպ, NEWS.am-ի զրուցակիցները փորձել են կանխատեսել, թե ինչպիսին կլինի Հայաստանի ֆուտբոլային հավաքականի ճակատագիրը մոտ ապագայում: 

Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ երեկվա հաղթանակը պետք է հենց երեկ մեր ֆուտբոլիստները մոռանան, չընկնեն էյֆորիայի մեջ եւ նախապատրաստվեն առաջիկա երկու կարեւոր հանդիպումներին` Մակեդոնիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ, քանի որ «Հայաստանի հավաքականի համար ստեղծվել է  եզակի հնարավորություն, երբ նրանք կարող են մասնակցել Եվրոպայի 2012թ առաջնությանը»:  Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա ֆուտբոլասեր պատգամավորը նշեց, որ հաջորդ հանդիպումներում էլ մերոնք կհաղթեն եւ կգնան եզրափակիչ: Նրա խոսքով` մեր հավաքականը ի վիճակի է հաղթել Իռլանդիայի հավաքականին, իսկ Երեւանում Մակեդոնիայի հավաքականին անպայման պետք է հաղթեր, «Նախորդ խաղում Հայաստանի հավաքականը թյուրիմացաբար բաց թողեց հաղթելու հնարավորությունը»,- նշեց Վիկոտր Դալլաքյանը` հավելելով, որ ինքը բավարարված կլինի, եթե նույնիսկ Իռլանդիայի հետ խաղում ոչ-ոքի արդյունք գրանցվի: Նրա կանխատեսմամբ` Հայաստանի հավաքականը դուրս կգա եզրափակիչ: «Երկու մրցակիցներին էլ պետք է հարգել,չթերագնահատել, բայց նաեւ հաղթել»,- ասաց պատգամավորը:

Սուրեն Աբրահամյանի կանխատեսմամբ` Հայաստանը Մակեդոնիային միանշանակ կհաղթի, իսկ դժվար խաղ սպասվում է Իռլանդիայում, քանի որ բրիտանական կոշտ ու կոպիտ պայքարի հետ գործ ունեք, պետք է հաշվի առնել նաեւ կլիմայական պայմանները: Ռաֆիկ Պետրոսյանն եւս հավատում է Հայաստանի հաղթանակին եւ կարծում է, որ մեր հավաքականը կկարողանա դուրս գալ եզրափակիչ:

Նշենք, որ  Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականը Ժիլինայում 4:0 հաշվով պարտության մատնեց Սլովակիայի հավաքականին եւ պահպանում է եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Ժիլինայում գոլի հեղինակ դարձան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ