News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, այցելել է քաղաքի մետրոպոլիտեն եւ ծանոթացել նրա տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին  եւ զարգացման ծրագրերին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հստակ խնդիր է դրել կարճ ժամկետում արդիականացնել մետրոպոլիտենի սարքավորումները` փոխարինելով ավտոմատացված նորագույն սարքավորումներով եւ հանձնարարվել է կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ:

Այնուհետեւ քաղաքապետը հետեւել է նաեւ վերջերս մետրոյի կայարաններում տեղադրված տեսախցիկների աշխատանքին: Ուղեւորների անվտանգությունն ապահովելու նպատակով` «Անվտանգ Երեւան»  ծրագրի շրջանակում Երեւանի 10 կայարաններում տեղադրվել է 186 տեսախցիկ, որոնց  աշխատանքին, պլազմային մեծ մոնիտորներով, 24 ժամ անընդմեջ հետեւում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Օրվա ավարտին տեսանյութերն ամբողջությամբ արխիվացվում են: Շուտով կավելանա եւս վեց մոնիտոր: Առաջիկայում տեսախցիկներ են տեղադրվելու նաեւ շարժակազմերի վագոններում:

Մետրոպոլիտենում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՀՀ Անկախության 20-ամյակի կապացությամբ շուտով  գործող 45 շարժակազմերին կավելանան եւս երկու` ամբողջությամբ վերանորոգված ու նորովի ձեւավորված շարժակազմեր:

Կարեն Կարապետյան,  հանձնարարել է Սասունցի Դավիթ, Շենգավիթ, Գործարանային, Գարեգին Նժդեհ եւ Հանրապետության հրապարակի մետրոկայարանների հիմնանորոգման աշխատանքների համար ուսումնասիրել եւ կազմել զարգացման հստակ ծրագիր: 

«Մետրոյի հետագա զարգացման  ռազմավարությունը պատկերացնելու համար  մետրոպոլիտենի տնօրինությանը հանձնարարվել է մշակել կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ ծրագիր: Ի~նչ խոսք, նոր կայարանների կառուցման խնդիրը անհրաժեշտություն է, սակայն ցավոք այսօր այն բավականին  թանկ հաճույք է: Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումը  ավելի քան 200-250 միլիոն դոլար կարժենա: Բայց  եւ այնպես վստահ եմ` կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ: Նաեւ դրա համար է, որ առաջարկել ենք  ծրագիր եւ հայեցակարգ  ներկայացնել» - նշել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ