News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու Ուրուգվայի քայլը մեծապես պայմանավորում է հարավամերիկյան այդ երկրի հայ համայնքի գործոնով։ Նման տեսակետ Բոստանջյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով, Ուրուգվայի հայ համայնքը անում է ամեն բան, որպեսզի այդ երկրի իշխանությունները ուշադրության կենտրոնում պահեն հայկական համայնքին հուզող հարցերը։ «Բոլոր պարագաներում, հասկանալի է, որ ԼՂ խնդիրը, ճանաչման առումով, այլընտրանք չի կարող ունենալ։ Դեռեւս կողմնորոշման փուլում գտնվող մնացած երկրներն անգամ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղը արժանի է ճանաչման։ Պարզապես խնդիրը պայմանավորված է ոչ թե Ուրուգվայով, այլ ավելի մեծ երկրներով, որոնք վերջին հաշվով այլընտրանք չպետք է ունենան եւ պետք է ճանաչեն ԼՂՀ-ն»,- նկատեց Վարդան Բոստանջյանը։

Ամփոփելով՝ պատգամավորը տեսակետ հայտնեց, որ Ուրուգվայի՝ ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու քայլը կարող է վարակիչ լինել այլ պետությունների համար եւս, մանավանդ որ Հայոց ցեղասպանությունը առաջինը հենց այս երկիրն է ճանաչել։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովին, մասնավորապես ասել էր. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ