News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունն առայժմ չի ավարտել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով նախաքննությունը:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ-ն պատրաստվում է երրորդ անգամ միջնորդությամբ դիմել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին` Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար: Բարձրաստիճան ոստիկանն անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից, եւ նրա կալանքի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 18-ին:

ՀՔԾ-ի մեր աղբյուրները հայտնեցին, որ իրենց առնվազն մեկ ամիս էլ անհրաժեշտ է նախաքննությունն ավարտելու եւ քրգործը դատարան ուղարկելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ