News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բազայի վրա կստեղծվի միջգերատեսչական կլաստեր:

Այդ մասին նշված է «Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրում», որը կառավարության կողմից հավանության արժանացավ սեպտեմբերի 8-ի նիստում: Հատկանշական է, որ սույն ծրագիրը կառավարության նիստի օրակարգ է մտել վերջին պահին` որպես լրացուցիչ հարց, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստից հետո խուսափեց հանդիպել լրագրողների հետ, թեեւ գործարանի վերաբերյալ բոլոր նմանատիպ ծրագրերը մեծ հնչեղություն ունեն:

Նախարարի «քչախոսության» պատճառներից մեկն էլ երեւի այն է, որ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը «Նաիրիտի» նկատմամբ առայժմ կոնկրետ գործողությունների չի հանգեցնում: Անորոշ են մնում գերմանական Chemieanlagenbau Chemnitz GmbH (CAC) ընկերության մտադրությունները: Հիշեցնենք, որ սույն ընկերությունը միակն է, որ հայտ էր ներկայացրել «Նաիրիտի» վերակառուցման համար հայտարարված միջազգային մրցույթին: Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանի տեղեկատվության` գերմանական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին, ու նրանք դեռ պետք է ներկայացնեն իրենց կոնկրետ առաջարկությունները, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Հաշվի առնելով, որ կառավարությունը շտապ կարգով մի նոր ծրագիր է նետել շրջանառություն, պետք է ենթադրել, որ գերմանական ընկերության հետ առանձնապես մեծ հույսեր չեն կապում, թեեւ նոր օպերատոր գտնելու ցանկությունը ծրագրում նույնպես առկա է:

Կառավարության հաստատած ծրագրով «Նաիրիտի» վերականգնման ողջ գործընթացի պատասխանատվությունը ընկնում է պետական գերատեսչությունների վրա, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հանդես է գալու որպես աշխատանքները համակարգող գերատեսչություն:

Որպես ֆինանսավորման աղբյուր նշվել է ԵվրԱզՏՀ հիմնադրամը` 400 մլն դոլարի չափով: Նշվել է նաեւ, որ կառավարությունը ճյուղի ֆինանսական առողջացման նպատակով կմշակի «արտակարգ» կարճաժամկետ պլաններ:

Նախատեսվում է նաեւ կլաստերի շրջանակներում ստեղծել տեխնոպարկ (կամ տեխնիկաներդրումային տիպի հատուկ տնտեսական գոտի), ինչը բացակայում էր միջազգային մրցույթին ներկայացված ծրագրում:

 

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ