News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում բացվել է «Հայաստանի Հանրապետության նամականիշները» եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր  ցուցահանդեսները:

Հայաստանի ԿԲ-ի եւ «Հայփոստի» վերոնշյալ ցուցադրություններում ներկայացված են 1991-2011 թթ թողարկված հուշադրամների եւ նամականիշների նմուշներ:

ՀՀ անկախության 20 ամյակի առիթով թողարկվել է երկու նամականիշ, որոնցից մեկի վրա պատկերված է Հայաստանի պետական զինանշանը եւ եռագույնը, իսկ մյուսը ներկայացնում է ԼՂՀ պետական զինանշանը եւ պետական դրոշը: Յուրաքանչյուր նամականիշ տպագրվել է 40 000 օրինակով` 330 եւ 380 անվանական արժեքներով: Շրջանառության մեջ են դրվելու 2011թ.-ի սեպտեմբերի 13-ից:

Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 հուշադրամ:

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունում ներկայացված են շուրջ 4 տասնյակ ոսկե եւ 100 արծաթե հուշադրամներ, այդ թվում  Հայոց չորս թագավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի 10, 15, եւ 20-ամյակներին նվիրված հուշադրամները: Ցուցադրությունում առանձնակի տեղ են գրավում հայոց հավատքն արտացոլող հուշադրամները` մեր գոյապահպանման  ու պատմության անբաժան իրողությունը հանդիսացող եկեղեցիների ու միաբանությունների պատկերներով:

Ցուցադրությունում թեմատիկ բաժանումներով ներկայացված են նաեւ անվանի անհատներին, հուշարձաններին, Հայաստանի մշակույթին, պատմությանը, Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհին, ինչպես նաեւ տարբեր սպորտային իրադարձություններին նվիրված հուշադրամներ:

Տպել
Ամենաշատ