News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում աղբահանությունը նորմալ կազմակերպելու համար բավարար նյութատեխնիկական բազա ապահովելու համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 10 մլրդ դրամի ներդրում: Այս մասին նշվել է այսօր` սեպտեմբերի 13-ին գումարված Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղբահանության ծառայությունները բարձր որակով կազմակերպելու համար նախատեսվում է մրցութային կարգով ընտրել միջազգային երկու մասնագիտացած օպերատորներ, որոնց  հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց  հետո, կապահովվի ազատ մրցակցային եւ բարենպաստ ներդրումային դաշտ: Այս հարցի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ աղբահանության ոլորտում դեռեւս տարեսկզբին առկա 6000 գործող պայմանագրերի համեմատ, այժմ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի թիվը հասնում է շուրջ 12 000-ի:

Երեւանում անցկացվող աղբահանության եւ սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ: 

Երեւանի ավագանին քննարկել եւ հավանություն է տվել նաեւ Նոր Նորք վարչական շրջանի «Վիշապի կոթողներ» այգու տարածքում նախկինում կատարված հողհատկացման եւ շինթույլվության փոխարեն, որպես համարժեք փոխհատուցում, կառուցապատողին նույն վարչական շրջանի Լվովյան փողոցում շինարարություն իրականացնելու որոշման նախագծին: Այս դեպքում հաշվի են առնվել  քաղաքացիների դիմում –բողոքները` այգում շինարարության վերաբերյալ:

Բացի այդ, Ավագանին միաձայն հավանություն է տվել սոցիալապես անապահով, այդ թվում նաեւ ազատամարտիկների ընտանիքներին, Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող 3 բնակարանների անհատույց օտարման որոշման նախագծին:

Ավագանու հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ