News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) օտարերկրյա եւ ազգային արժույթով սահմանեց BB-: Կարճաժամկետ IDR-ը ազգային արժույթով մնացել է B մակարդակի վրա, B մակարդակի է մնացել նաեւ երկրի առաստաղը (ազգային արժույթի փոխարկելիության աստիճանը):

NEWS.am-ի համար պատրաստած մեկնաբանությունում Fitch խմբի սուվերեն ռեյտինգների տնօրեն, Հայաստանի փորձագետ Չարլսզ Սեւիլը նշել է, որ նմանատիպ վարկանիշով այլ երկրների համեմատ Հայաստանի պետական պարտքը չափավոր է:

«2012-2013 թվականներին պարտքի վճարումները կմեծանան, դրանց մեծ մասը բաժին կհասնի Արժույթի միջազգային հիմնադրամին եւ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների: Հայաստանի եւ ԱՄՀ-ի գործընկերության ծրագրով, պարտքի կառուցվածքը կարող է վերանայվել մինչեւ 2013 թվականը: Դրա հիմնական նպատակներից են արտաքին առեւտրի եւ ֆիսկալ դեֆիցիտի կրճատումը եւ արտաքին ցնցումների նկատմամբ Հայաստանի խոցելիությանը հաղթահարումը»,- նշել է Չարլզ Սեւիլը:

Հայաստանի տնտեսության վրա արտաքին գործոններից հիմնականում ազդում են հումքի համաշխարհային գները եւ Ռուսաստանից ստացվող մասնավոր դրամական փոխանցումները, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 9-10%-ը:

«Հայաստանի Կենտրոնական բանկը սահմանում է լողացող փոխարժեք եւ ԿԲ-ի` ինֆլյացիայի զսպման գործողությունները պետք է բարձրացնեն վստահությունը հայկական դրամի նկատմամբ»,- կարծում է Չարլզ Սեւիլը:

Հայաստանի ֆինանսական համակարգի կապը օտարերկրյա ֆինանսական շուկաների հետ մնում է փոքր: Թեեւ օտարերկրյա կապիտալի մասնակցությունը Հայաստանի բանկային համակարգում մեծ է (այսօր Հայաստանում գործող բանկերից միայն մեկի խոշոր բաժնետերերից եւ ոչ մեկը դրսից չեն), սակայն ուղիղ օտարերկրյա ներդրումները ֆինանսական հատվածում զգալի չեն: 2011թ. հունվար-հունիսին Հայաստանում կատարած ուղիղ օտարերկրյա ներդրումներից միայն 1,8%-ը կամ $7,45-ն է ուղղվել ֆինանսական միջնորդության (չհաշված ապահովագրական ընկերությունները) հատված: Սրանից կարելի է ենթադրել, որ հայկական բանկային համակարգը միջազգային ֆինանսական շուկաներում պարբերաբար կրկնվող ռիսկերից քիչ խոցելի է: Այդ ենթադրությանը NEWS.am-ի հետ զրույցում համաձայնեց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան:

Fitch-ը 2011-2013 թվականների համար Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4 - 5% աճ: Տնտեսական ակտիվության միջին աճը 2011թ. հունվար-հուլիսին կազմել է 5%` հիմնականում արտահանման աճի եւ ներդրումների հոսքի շնորհիվ:

2011թ. հունվար-հուլիսին մասնավոր փոխանցումները կազմել են  $565,7 միլիոն, ինչը 42,7% գերազանցում է 2010-ի նույն ցուցանիշը: Ռուսաստանն ապահովում է տրանսֆերտների մեծ մասը: Իսկ ԱՄՆ-ի ուղղությամբ նկատվել է տրանսֆերտների արտահոսք:

NEWS.am-ի հետ զրույցում «Յունիբանկ» ՓԲԸ-ի փորձագետները նկատեցին, որ ռուսաստանյան տնտեսության ակտիվացման եւ աշխատանքային միգրանտների վճարունակության բարձրացման հաշվին Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների բարձր մակարդակը հնարավոր է պահպանվի:

«Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ դրամական փոխանցումների UNISTREAM համակարգի շրջանառությունը կհասնի $670 միլիոնի»,- նշում են բանկի ներկայացուցիչները:

Նկատենք, որ UNISTREAM-ի փոխանցումների ավելի քան 90%-ը բաժին է հասնում Ռուսաստանին: Ընդ որում, այժմ արդեն ակտուալ չէ ածխաջրածինների համաշխարհային գների աճն ուղղակիորեն կապել ռուսաստանյան տնտեսության ակտիվության հետ:

NEWS.am-ի հետ BP Russia-ի առաջատար տնտեսագետ Լեվ Ֆրեյնքմանը հայտարարեց, որ այժմ Ռուսաստանի նավթային եկամուտները շինարարության ոլորտ  (Հայաստանից մեկնած սեզոնային միգրանտների մեծ մասը զբաղվածություն է գտնում հենց այս ոլորտում) չեն հոսում նույն ակտիվությամբ, ինչ մինչեւ 2008-ի ճգնաժամը:

«Նավթից ստացվող լրացուցիչ եկամուտները հանգեցնում են սպառողական ներմուծման աճի եւ կապիտալի արտահոսքի»,- նկատեց Լեվ Ֆրեյնքմանը:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ