News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետականությունը կայացել է, եւ դա անկախության 20 տարիների գլխավոր ձեռքբերումն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը: «Հայաստանի պետականությունը կայացել է: Եթե 20 տարի առաջ հարց էր, թե արդյոք հնարավո՞ր է կառուցել հայկական պետություն, ապա այսօր պատասխանը դրական է: Ինչ վերաբերում է բացթողումներին եւ թույլ կողմերին, ապա դա տնտեսական կախվածությունն է` Հայաստանը իրոք մինչ օրս տնտեսապես կախված է թե Ռուսաստանից, թե սփյուռքից:

Բացի այդ, արտագաղթը շարունակում է խաթարել Հայաստանի պետականությունը: Սակայն անկախությունն առաջին հերթին քաղաքական երեւույթ է: Հայաստանը ստեղծել է պետական կառույցներ, կառավարություն, Հայաստանի ղեկավարությունը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել` այն դեպքում, երբ Ռուսաստանը կամ Ամերիկան փորձում են պարտադրել որոշումներ, որ Հայաստանի ղեկավարությանը դուր չեն գալիս: Հայաստանի կառավարությունը, համենայն դեպս, ի վիճակի է հրաժարվել այդ կարգի պարտադրանքներից, եւ դա առաջին հերթին վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հարցին: Դա նշանակում է, որ պետականություն կա, հիմքը կա, չնայած  անհրաժեշտ է կառույցն ավելացնել»,- նշել է Թոմ դե Վաալը:

«Վաղ թե ուշ բոլոր հակամարտությունները լուծվում են, սակայն ես այժմ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում այնպիսի մի փակուղի եւ լճացում եմ տեսնում, որ որեւէ առաջընթացի մասին դժվար է խոսել: Այս իրավիճակը վտանգավոր է այնքանով, որ որոշ ժամանակ անց` 5, 6 կամ 7 տարի անց կարող է վերականգնվել ռազմական հակամարտությունը: Դա, իհարկե, կլինի ողբերգություն բոլորի համար», - ասում է դե Վաալը եւ կարծիք հայտնում, որ ռազմական գործողությունների վերսկսումից կարող է հետ պահել միայն դրա սարսափելի հետեւանքների գիտակցումը` հետեւանքներ, որ կազդեն ոչ միայն հակամարտող երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի վրա:Փորձագետն ասում է` հակամարտությունը փակուղում է, քանի որ երկու կողմերից յուրաքանչյուրը` Հայաստանն ու Ադրբեջանը, ունեն մյուսին բացառող իրենց ճշմարտությունը, եւ չկա այնպիսի երրորդ երկիր, որը կստիպի նրանց խաղաղության համաձայնագիր ստորագրել. - «Պարզապես կա խաղաղ գործընթաց, միջնորդներ, սակայն հակամարտության լուծման բանալին նրանց ձեռքում չէ, այլ` հայերի եւ ադրբեջանցիների ձեռքում»:

Անցած 20 տարիների ընթացքում ժողովրդավարության զարգացման առումով Թոմ դե Վաալը Հայաստանում առաջընթաց չի տեսնում:«Ես կասեի, որ Հայաստանը, անկասկած, այժմ ավելի ուժեղ պետություն է, քան 20 տարի առաջ էր, սակայն ոչ ավելի ազատ` այն իմաստով, որ իշխող վերնախավը փաստացի ղեկավարում է երկիրը, ընդդիմությունը թույլ է, հեռուստատեսությունը փաստացի վերահսկվում է իշխող կուսակցության կողմից», - ընդգծում է փորձագետը` հավելելով. - «Իհարկե, Հայաստանը ավտորիտար պետություն չէ, Ուզբեկստան չէ, հայերը բազմակարծության, ազատ քննարկման եւ բանավեճերի բավական զարգացած մշակույթ են ունեցել, որը, ցավոք սրտի, չի նկատվում ժամանակակից Հայաստանում»:«Գուցե դա ժամանակավոր երեւույթ է, եւ առաջիկա տարիներին բեկում կլինի ու հայկական բազմակարծությունը նորից կգերիշխի, սակայն Հայաստանի համար խնդիրը հիմա այն է, որ իր թանկարժեք ռեսուրսը Հայաստանը կորցնում  է. կամ մարդիկ հեռանում են եւ չեն վերադառնում, կամ էլ այն մարդիկ, ովքեր կարող էին ներդրում ունենալ պետականության զարգացման մեջ, ուղղակի պետությունից անջատ են ապրում», - շեշտել է Թոմ դե Վաալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ