News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, այս տարի եւս չէր մասնակցում իշխանությունների կազմակերպած միջոցառումներին եւ անկախության 20-ամյակը դիմավորեց իր համախոհների հետ միասին:

ՀԱԿ ակտիվը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հավաքվել էր Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» համալիրում:

Հավաքվածներին շնորհավորեցին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր շնորհավորական խոսքում ցավով նկատեց, թե Հայաստանի իշխանությունները անկախության հռչակումից 20 տարի անց դեռ չեն գիտակցում անկախության արժեքը:

«Դուք այն մարդիկ չեք, որոնց պետք է բացատրեմ անկախության կարևորությունը, նշանակությունը, արժեքը, որովհետև դուք այս ամենն իմացել եք անկախությունից առաջ, եւ դուք եք կերտել այդ անկախությունը: Եթե պետք է ինչ-որ մարդկանց բացատրել այս ամենը, այդ մարդիկ այստեղ չեն, առավոտյան գտնվում էին կենտրոնական հրապարակում, մարդիկ, ովքեր ոչ միայն ոչ մի կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլեւ նրանցից շատ-շատերն ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ, եւ այսօր բեմերից, հեռուսատեսություններից այնպիսի ճառեր են ասում, կարծեք իրենք են կերտել այդ անկախությունը, սրանով մեկ անգամ եւս պարզապես պղծում են այդ սուրբ գաղափարը: Դուք բախտավոր սերունդ եք, որովհետեւ պատմության մեջ շատ քիչ սերունդների է հաջողվում վերականգնել պետականությունը և անկախություն ձեռք բերել:

Այսօրվա ղեկավարները հոգու խորքում իրենց անկախ չեն համարում, իրենց համարում են օտարների ճորտ: Եւ մինչեւ այս իշխանություններից Հայաստանը չազատվի, մենք լիարժեք անկախություն չենք ունենա: Ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը»,- նշեց նա: Հավաքվածները բուռն ծափահարություններով ողջունեցին ՀԱԿ առաջնորդի ելույթը:

Տեր-Պետրոսյանի շնորհավորական խոսքից հետո Արամ Մանուկյանը հավաքվածներին խնդրեց մոտենալ սեղաններին եւ բաժակ բարձրացնել: ՀԱԿ միջոցառմանը մասնակցում էին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, դերասան Աշոտ Ադամյանը եւ այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ