News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը յուրօրինակ զսպիչ գործոն էր Ադրբեջանի համար, բացի այդ լավ հաշվետվություն հայ հասարակությանը, որը տեսավ՝ ինչպիսի ռազմամթերք է ձեռք բերվում պետբյուջեի գումարներից։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։«Ինչո՞ւ ոչ, թող Ադրբեջանը տեսնի, որ մենք ուժեղ ենք եւ հաշվարկի ռազմական ավանտյուրայի դեպքում ունենալիք իր կորուստները»,- նկատեց նա։

Քաղաքագետի խոսքով, մենք պետք է մշտապես հիշենք՝ աշխարհագրորեն որտեղ ենք գտնվում։ «Մեր բարդ տարածաշրջանում ռազմականացումը շատ բարձր մակարդակի վրա է։ Ինչո՞ւ չէ՝ մենք պարբերաբար պետք է ցույց տանք մեր ռազմական հնարավորությունները։ Միգուցե դա կլինի զսպիչ մեխանիզմ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ հավակնություններ ունեն»,- նկատեց Գրիգորյանը։Քաղաքագետը նաեւ նշեց, որ հայկական բանակն ունի այն առողջ կորիզը, որի միջոցով պետք է փորձ արվի շտկել բանակում առկա թերությունները։Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում տոնական զորահանդեսին հոգեւորականների մասնակցությանը, նա ասաց. «Պրոֆեսիոնալ բանակներում դա ընդունված բան է։ Դա ինձ համար նորություն էր, բայց միգուցե ինչ-որ ժամանակ հետո մեզ համար դա բնական դիտվի»։

Ամփոփելով՝ քաղաքագետն անդրադարձավ նաեւ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների՝ Անկախության 20-ամյակի տոնակատարություններին չմասնակցելու փաստին՝ նշելով. «Եթե մենք ժողովրդավար երկիր ենք կառուցում, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի՝ ինչ-որ տեղ գնալ կամ չգնալ, տոնակատարության մասնակցել կամ չմասնակցել։ Ամեն դեպքում կարծում եմ, որ կարելի էր մասնակցել, այնուամենայնիվ նրանք ազատ մարդիկ են եւ իրենք են որոշումներ ընդունում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չէին մասնակցել անկախության 20-ամյակի տոնական միջոցառումներին։ Հայ ազգային  կոնգրեսը նման որոշում կայացնելու մանրամասները չէր հաղորդել, իսկ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանն տոնակատարությունների անցկացման օրը Հայաստանում չի լինելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ