News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անկախության զորահանդեսից հետո բազմաթիվ փորձագիտական գնահատականներ հնչեցին Հանրապետության հրապարակում ներկայացված զորատեսակների եւ տեխնիկայի վերաբերյալ։ Ֆորումներում քննարկումներ են սկսվել Հայաստանի ռազմաարդյունաբերության վերաբերյալ, ոմանք զարմանք են արտահայտում հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի վեաբերյալ, ոմանք նշում, որ Հայաստանը հին զինտեխնիկա է ցուցադրել։ NEWS.am-ը հարցերի սպառիչ պատասխան ստանալու համար դիմեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանին։

NEWS.am. Պարոն Հովհաննիսյան, երեկ՝ սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսը 20-ամյա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորն էր։ Ինչպիսի՞ եզրակացություններ կարելի է անել արդեն կայացած զորահանդեսից։

- Ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, զորահանդեսից կարելի է հստակ պատկերացում կազմել զինված ուժերի շարային պատրաստվածության մասին, բայց բանակի սպառազինության վերաբերյալ կարելի է կազմել միայն ընդհանուր կարծիք, որը ճշգրիտ կարող է չլինել։ Այս զորահանդեսում ցուցադրվել է այնպիսի տեխնիկա, որի Հայաստանում գոյության մասին ոմանք խոսում էին դեռ 10 տարի առաջ, սակայն ցուցադրվեց միայն երեկ։ Նշեմ, որ զորահանդեսում չեն ներկայացվվել Հայաստանում առկա բոլոր ռազմական տեխնիկաներից նմուշներ։ Մենք այլ տեսակի հարձակողական հրթիռային համակարգեր ունենք, որոնց գաղտնազերծման ու ցացադրության մասին պետք է որոշում կայացնի բարձրագույն իշխանությունը։ Ես զորահանդեսում ցուցադրված տեխնիկային կցանկանայի հատուկ անդրադառնալ, քանի որ որոշ արտասահմանյան վերլուծաբաններ, զորահանդեսի ցուցադրված տեխնիկայով փորձում են համեմատականներ անցկացնել, տարածաշրջանի այլ երկրների սպառազինության հետ։

NEWS.am. Զորահանդեսում ներկայացված տեխնիկայի եւ հատկապես հրթիռային համալիրների մասին ասում են, որ ժամանակակից չեն։ Ճի՞շտ են արդյոք նրանք։ Ադրբեջանական աղբյուրները առավել բաց տեքստով են արտահայտվում՝ նշելով, որ զորահանդեսը ֆարս էր։

- Զորահանդեսում ցուցադրված տեխնիկան արդեն բավարար է, որ ընդհանուր կարծիք կազմվի Հայաստանի հարձակողական ներուժի մասին։ Մասնավորապես 9К72 Эльбрус օպերատիվ մարտակական հրթիռեները որոնք ունեն 300 կմ հեռահարություն, «Точка У» մարտավարական հրթիռային համալիրները 120 կմ հեռահարությամբ։ Ինչպես նաեւ ցուցադրված եւ չցուցադրված ռեակտիվ կրակի համազարկային կայանները, (ինչպիսիք օրինակ՝ WM-80-ը եւ, «Смерч»-ը, որոնք կարող են ունենալ 60-120 կմ հեռահարություն խմբ.)։ Այս ամենը համագումարով հաշվի առնելու դեպքում Հայաստանի հարձակողական ներուժը Ադրբեջանին գերազանցում են։

Ադրբեջանը  օպերատիվ-մարտավարական հրթիռներ չունի, նրա սպառազինությունում չկան նաեւ 100 եւ ավելի կմ հեռահարությամբ համազարկային ռեակտիվ կայաններ։

Որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին այն մասին, որ 9К72 Эльбрус (SKUD) համակարգը չունի մեծ ճշգրտություն եւ հնացած է, սակայն հիշեցնեմ, որ տվյալ հրթիռային համալիրների էլեկտրոնային սարքավորումները Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից կատարելագործվել են, ինչի արդյուքնում հայ զինվորականները առավելագույն հեռահարության վրա (300կմ) ստացել են ոչ ավելի քան 150-200 մ. շեղում։ Սա հիանալի ցուցանիշ է: Հայտնի է, որ 9К72 Эльбрус (SKUD)-ի հրթիռները ունեն մինչեւ մեկ տոննա մարտական մաս, ընդ որում մարտական մասը կարող են կազմել ոչ միայն սովորական այլ նաեւ տարատեսակ մինչեւ իսկ կասետային, ճշգրիտ հարվածող մասեր։ Այս ամենից զատ, ցանկացած տեխնիկայի վերջնական կիրառողը մարդն է, եւ այստեղ պետք է նշել, որ Հայաստանի հրթիռային հրետանավորները զորավարժությունների ժամանակ գրանցել են փայլուն արդյունքեր, հենց SKUD-ի կիրառմամբ։ Այո այս հրթիռները նոր չեն, սակայն չի կարելի միանշանակ պնդել որ դրանք արդեն հնացած են: Ի դեպ նշեմ, որ ռուսական կողմը 2000թ. սկզբներին մարտական պայմաններում եւ զորավարժությունների ժամանակ արձակել է նման ավելի քան 250 հրթիռ, այդ թվում նաեւ շահագործման ժամկետն անցած, սակայն ոչ մի խափանման դեպք չի գրանցվել։ Սա հատուկ ի նկատի ունենան նրանք ովքեր այս հրթիռները հնացած են համարում:

Համեմատության համար ասեմ, որ ադրբեջանական բանակի զորահանդեսին ներկայացված էր 107 մմ-ոց ռեակտիվ համազարկի կայաններ, С-125, С-200 համալիրներ, որոնք գիտության վերջին ձեռքբերումներից չեն: Նշենք, որ բազմատեսակ տեխնիկա ցուցադրելու խնդիր ունեցող  Բաքուն, իր զորահանդեսում ներկայացրեց ոստիկանության ուժերի համար նախատեսված բազամտեսակ ու բազամքանակ զրահապատ մեքենաներ, որոնք չեն կարող իրական կիրառություն ունենալ մեր մարտական պայմաններում: 

Հայկական հրթիռային հարձակողական պոտենցիալի մասին կուզենայի հատուկ նշել, որ դժվար չէ պատկերացնել որ, 9К72 Эльбрус (SKUD)-ի մոտ 1000 կգ-ոց մարտական մասերի համար Ադրբեջանի տարածքում կգտնվեն տնտեսության կարեւորագույն նշանակության նշանակետեր, որոնց հարվածելու համար ամենեվին էլ գերճշգրիըտ սպառազինություն հարկավոր չէ։ Իսկ գերճշգրիտ հարվածների համար արդեն հայտնի է, որ Հայաստանը ունի «Точка У» մարտավարական հրթիռային համալիրներ, եւ չի բացառվում նաեւ հայկական ռազմաարդյունաբերական համալիրի կողմից WM-80 եւ «Смерч» կայանների հրթիռների կատարելագործումը մինչեւ գերճշգրիտ միջոցների։

Կարծում եմ, որ նաեւ այս փաստերով կարելի է բացատրել մի շարք իրողություններ։  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին գերտերությունների հայտարարությունները եւ առարկություններ չընդունող տոնը, ես որպես ռազմական փորձագետ, նաեւ կարող եմ մեկնաբանել հենց այս կոնտեքստում։ Այսինքն՝ նրանց ռազմական վերլուծաբանները քաջ գիտակցում են, որ պատերազմական հնարավոր գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի էներգակիրների ենթակառուցվածքը կոչնչացվի։ Ադրբեջանը եւս քաջ գիտակցում է, որ, ըստ էության, իրենից աշխարհին անհրաժեշտ է միայն նավթի ու գազի անխափան մատակարարում։ Դրա համար են նշում, որ Բաքուն պատերազմ սանձազերծելու դեպքում կկորցնի ամեն ինչ։

NEWS.am. Զորահանդեսում հատուկ նշանակության զորքերի թվում կային նաեւ կին զինվորականներ։ Այդ կապակցությամբ քննարկումներ են սկսվել, թերեւս այն պատճառով, որ տարածաշրջանի համար դա գրեթե եզակի երեւույթ է։ Ինչպիսի՞ մարտական ունակություններ ունեն նրանք։

- Հատուկ ստորաբաժանման զորքերն այս զորահանդեսին լավ սպառազինությամբ եւ  հանդերձանքով ներկայացան։ Նրանց սպառազինությունում էին մեծ տրամաչափի դիպուկահար հրացաններ, մարտական արբալետներ, հատուկ նշանոցային սարքավորումներ եւ այլն։ Ի դեպ նորից պիտի նշեմ, որ այստեղ ևս չի ցուցադրվել այն ամենը ինչ կա: Ստորաբաժանման կազմում էին նաեւ կին զինծառայողներ, ինչն իսկապես գրեթե բացառիկ երեւույթ է տարածաշրջանի համար։ Կցանկանայի նշել, որ այսօր իսկապես բազմաթիվ հայ աղջիկներ զինված ուժերում ծառայության անցնելու ցանկություն են հայտնում, եւ հատկապես մեծ ուշադրություն են դարձնում հատուկ նշանակության ստորաբաժանումներին։ Իսկ նրանց մարտական պատրաստվածության եւ հնարավորություններին մենք արդեն հնարավորություն ենք ունեցել ծանոթանալու։ Գնահատականը՝ գերազանց է։

NEWS.am. Զորահանդեսից տպավորված եւ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության մասին եզրակացություններ կատարող ադբեջանական փորձագետների գնահատականների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

-Կուզեի կրկին նշել, որ Հայաստանի Զինված ուժերի մասին վերլուծություն կատարելիս հատկապես ադրբեջանցիները փոքր-ինչ ճշմարտություն էլ գրեն, այլապես տպավորություն է ստեղծվում, որ եթե անգամ Հայաստանը ցուցադրեր ԻՍԿԱՆԴԵՐ տեսակի հրթիռային համակարգերը, ադրբեջանցիները միեւնույն է կանտեսեն, ու կշարունակեն իրենց բանակի տեխնիկական հագեցվածության ձոնը։ Պետք է հիշեն, որ եթե ներկայանում են որպես փորձագետ, ապա փորձագիտական գնահատական պետք է տան։ Այլապես կարող են ազատորեն իրենց կոչել պրոպագանդիստ, եւ գրեն ադրբեջանական բանակի գովերգի հատորյակներ, չնայած որ այդ բանակը մեկ անգամ է պատերազմել, եւ տանուլ է տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ