News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախարարների խորհուրդը խորհրդարան է վերադարձրել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք օգոստոսի վերջին ի թիվս այլ օրինագծերի անվավեր էին ճանաչվել:

Թուրքական «Թաքվիմ» թերթի փոխանցմամբ, այս քայլը պաշտոնական Անկարայի ժեստն է ուղղված Երեւանին: Կառավարությունը որոշել է վերականգնել նախորդ օրենսդրական շրջանի 171 միջազգային համաձայնագրերից 166-ը, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունները:Նշենք, որ օգոստոսի 22-ին Թուրքիայի խորհրդարանը ի թիվս այլ օրինագծերի անվավեր է ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Այդպիսով, փաստաթղթերը հանվել էին Թուրքիայի օրենսդիր մարմնի օրակարգից, քանի որ ավարտվել էր 23-րդ օրենսդրական շրջանը: Սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի` կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել: 

Նշենք, որ ԱԳՆ ղեկավարների կողմից ստորագրվելուց հետո արձանագրությունները ներկայացվել էին խորհրդարաններին` վավերացման համար: 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր վավերացման գործընթացի դադարեցման մասին` նշելով, որ թուրքական կողմը պատրաստ չէ շարունակել երկխոսությունը Երեւանի հետ առանց նախապայմանների, ինչպես նախատեսված է արձանագրություններով: Միեւնույն ժամանակ Հայաստանը պահպանել էր ստորագրությունը արձանագրությունների տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ