News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի անդամ Դավիթ Գալստյանը, սեպտեմբերի 25-ին, առերեսվել է Աժ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ: Այս մասին NEWS.am-ին թղթակցի հետ զրույցում պատմեց Նապոլեոն Ազիզյանը` հավելելով, որ իրենց տուն մտած եւ թալանած բանդայի մյուս անդամին` Սամվել Դավթյանին` «Ցուլ» մականունով, չեն բերել առերեսման: Իսկ Դավիթ Հակոբյանին  տարել էին Նապոլեոն Ազիզյանի տուն եւ նա  ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե որտեղից է մտել տուն, ինչպես է կապել տանտերերին, որ բազմոցի մոտ, որտեղից է վերցրել գումարը եւ այլն:

«Սկզբից բերեցին փողոցից ցույց տվեց` որտեղից է բարձրացել, ոնց է մտել տուն, հետո բերեցին մյուս կողմից` տան մոտից եւ պատմեց, որ այս բազմոցի վրա ես նստած էի, մոտեցել է, կապկպել է, նկարներն է հավաքել, գնացել է խոհանոցից գումար է գտել, հետո բարձրացել է վերեւ` մերոնց է կապել, հավաքել է ամեն ինչ: Ինձ ամբողջությամբ կապկպել էին` ականջով, աչքերով, բերանով, ես ոչ մի բան ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, հետո մերոնք պատմեցին, որ ամեն մեկն մի սենյակում էր, իսկ մեկն էլ ավտոմատով պտտվում էր, եւս մեկ մարդ դռան հետեւում կանգնած էր: Ես իրեն ասացի, որ եթե թշնամի եք, ես զարմացած եմ, որովհետեւ ես թշնամի չունեմ, եթե թշնամի չեք, պետք չի ոչ մի բան անել, ոչ կապել, ոչ մեկին նեղացնել, ձեզ ինչ-որ պետք է, վերցրեք, գնացեք»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ իր հետ առերեսման բերված անձն ամենագրեսիվն է եղել:

«Ես ձայնը չճանաչեցի, որովհետեւ այն ժամանակ ինքը չէր խոսում, բայց բոյով, ձեւով, տեսքով հասկացա, որ ինքն է, հետո իր պատմելուց զգացվում էր, որ ինքն է: Պատմեց, որ նկարները ինքն է վերցրել, ինքն է կապել, եթե ինքը չլիներ, չէր կարող պատմել»,- ասաց նա: Նախկին պատգամավորն իր տունը թալանած Դավիթ Գալստյանին առերեսման ժամանակ միայն մի բան է ասել. «Դու մարդու ծնունդ չես, ի՞նչ մոր կաթ ես կերել դու, այ ստահակ, մի հատ աչքերդ վերեւ բարձրացրա, նայեմ աչքերիդ»: «Բայց նա գլուխը չբարձրացրեց: Դրանք մարդ չեն էլի, չգիտեմ դրանք ինչ կենդանի են»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում լուրերին, որ բանդային «նավոդկա» տվողը պաշտոնյաների որդիներ են եղել, նախկին պատգամավորը պատասխանեց, որ այդ տղաներն իրենց տան տեղը չէին կարող իմանալ, քանի որ երբեւէ չեն գնացել-եկել. «Կարող է ինչ-որ թեթեւակի առնչվել են, ասում են չէ` ծուխը առանց կրակ չի լինում, բայց համոզված եմ, որ դրանք չէին կարող հիմնական դերակատարները լինեին, որովհետեւ ամեն ինչ բացահայտված է վերեւից ներքեւ»,- նշեց նախկին պատգամավորը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը  ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ` դիմել են փախուստի: Այս միջադեպից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ քրեական գործերը եւ համատեղ նախաքննություն իրականացնել՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել է գլխավոր դատախազը:

Նշենք, որ Նապոլեոն Ազիզյանի տան թալանից առաջ  եւս երկու նմանատիպ դեպք էր պատահել: Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա:

Նմանօրինակ հարձակում կատարվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աղվան Գրիգորյանը նշեց, որ չի առերեսվել բանդայի անդամների հետ, ոչ նրանց են իրենց տուն բերել, ոչ էլ իրեն են հրավիրել ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Վաղ առավոտյան ոստիկանները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, որի սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60 OO 086  համարանիշով մեքենան փախուստի ժամանակ բախվել է փողոցի սյանը, ինչից հետո կասկածվող անձինք դուրս են նետվել մեքենայից եւ փորձել փախչել ոտքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ