News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը հստակորեն մնում է մեր օրակարգի առաջնահերթությունների թվում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ քննարկումներին։

«Աջակցելով Մինսկի խմբին` մենք նաեւ երկխոսության մեջ ենք բոլոր կողմերի հետ, որպեսզի օգնենք նրանց գտնելու ընդունելի լուծումը»,- շեշտել է Ք.Էշթոնը` հավելելով, թե Արեւելյան գործընկերության անդամ պետությունների տարածքներում առկա հակամարտությունները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները, կարող են որոշակիորեն խոչընդոտել ԵՄ-ի ասոցացման գործընթացը:

«Մենք ակնկալում ենք, որ մեր Արեւելյան գործընկերները կանեն հնարավորն այս խնդիրների խաղաղ կարգավորման համար, ինչը ԵՄ-ի համար ռազմավարական առաջնահերթություն է»,- ասել է Ք. Էշթոնը` մասնավորապես ընդգծելով, որ առաջընթացն այս ոլորտում կնշանակի առաջընթաց ԵՄ-ի հետ հարաբերություններում ընդհանուր առմամբ:

Էշթոնն ընդգծել է, որ ԵՄ-ը շահագրգռված է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ընդգրկված երկրների հետ համագործակցությամբ. «Այդ ծրագիրը բխում է նաեւ մեր շահերից, քանի որ այն ուժեղացնում է մեր անվտանգությունն ու բարգավաճումը։

Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները առաջընթացի գրանցման ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտներն են։ Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանում մեր արեւելյան գործընկերները կանեն հնարավոր ամեն բան՝ տվյալ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում աճ գրանցելու համար։

Նշենք, որ ԵՄ կողմից ստեղծված «Արեւելյան գործընկերություն» նախագիծը միտված է ԵՄ-ին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի մերձեցմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ