News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Որպեսզի Հայաստանը դառնա ժողովրդավարական պետություն, լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկումների ժամանակ ասել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Նրա խոսքով` համաներումը, Ընտրական օրենսգրքի եւ մյուս փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2008 թվականից հետո, ողջունելի են, սակայն դրանով չպետք է սահմանափակվել:

Նա նշել է, որ Հայաստանում չի իրականացվել 2008-ի մարտի 1-ի դեպքերի խորը հետաքննություն, մասնավորապես, 10 զոհերի հանգամանքները պարզելու առումով: Նրա խոսքով, արված աշխատանքը բավարար չէ: «Անհրաժեշտ է անցկացնել թափանցիկ հետաքննություն` 10 զոհերի մահվան հանգամանքները վեր հանելու համար եւ պարզել այն մարդկանց մեղքը, ովքեր կատարել են այդ սպանությունները: Ներկայացված փաստաթղթում ներկայացված են չափանիշները, որոնք մենք շարադրել ենք այդ հետաքննության հետ կապված»,- նշել է համազեկուցողը, հավելելով, որ այդ հետաքննությունը շատ կարեւոր է ժողովրդավարական արժեքների տեսանկյունից:

Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, Պրեսկոտը նշել է, որ այսօրվա դրությամբ, Հայաստանում երաշխավորվում է հավաքների ազատությունը, փոփոխություններ են կատարվում Ընտրական օրենսգրքում, բարեփոխումներ են իրականացվում ոստիկանությունում, կապված լրատվամիջոցների հետ:

Միաժամանակ, համազեկուցողն ասել է, որ Հայաստանի մոնիտորինգը չի կարելի ավարտված համարել: «Մեր դերն ավարտված չէ, մենք պետք է շարունակենք բարեփոխումների ընթացքի մոնիտորինգը»,- ասել է նա:

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, Ջոն Պրեսկոտն ընդգծել է, որ այդ առումով, Հայաստանում իրավիճակը բարելավման միտումներ է դրսեւորում: «Հայաստանում գոյություն ունի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմություն: Բայց ընդդիմությունը, որն աշխատում է դրսում, չի կարող համագործակցել նրանց հետ, ովքեր աշխատել են կառավաման մարմիններում, որովհետեւ իրենց կողմնակիցները բանտերում էին»,- հիշեցրել է համազեկուցողը, հավելելով, որ եթե Հայաստանում ձգտում են ժողովրդավարության, ապա պետք է ստեղծել համապատասխան մշակույթ: «Բոլորը գիտեն, որ կարելի է ընդունել ցանկացած օրենք, բայց եթե մարդիկ չեն հավատում համակարգին, ապա արդյունքը զրոյական է լինելու»,- ամփոփել է նա:

Ջոն Պրեսկոտը Հայաստանի հարցով մյուս համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը,  որը դրական գնահատականի է արժանացել համազեկուցողներից հետո ելույթ ունեցողների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ