News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Պարկ դե Ֆրանս» մարզադաշտում կիրակի օրը կայանալիք «Պարի Սեն Ժերմեն»-«Լիոն» ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելուց հետո, 43-ամյա ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեւֆը, անմիջապես չի վերադառնա ԱՄՆ, որտեղ ապրում է 2006-ից` իր ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո:

Նա այսօր` հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «France Football»-ը:

«Ես իմ ընտանիքի ծագման երկիր (մորական կողմից) եմ այցելում 4-րդ անգամ: Ես այնտեղ եմ վերադառնում մեծ հուզմունքով: Դրա համար էլ անմիջապես համաձայնեցի, երբ նախագահ Սարկոզին առաջարկեց ինձ ուղեկցել իրեն»,- ասել է Ջորկաեւֆը:

Սա երկրորդ անգամն է, որ Յուրի Ջորկաեւֆն ուղեկցում է Ֆրանսիայի նախագահին` նրա Հայաստան այցելության ժամանակ: 2006-ին Ջորկաեւֆը Հայաստան էր այցելել Ժակ Շիրակի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին, Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեւանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաեւ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:

Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ