News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այս օրերին, ինչպես հայտնի է, Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընթանում է հանրապետության գլխավոր տեխնոլոգիական միջոցառումը` «ԴիջիԹեք» ցուցահանդեսը:

Շրջելով «ԴիջիԹեք»-ի տաղավարներով` NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե որքանո՞վ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը կոոպերացված է, կամ ինտեգրված տնտեսության մյուս հատվածների հետ: Արդյունքները, սակայն, այնքան էլ գոհացուցիչ չէին:

Հարցումները ցույց տվեցին, որ ՏՏ ոլորտի պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գալիս է հիմնականում բանկային համակարգից ու ծառայությունների ոլորտից: Տնտեսության իրական հատվածը ոչ միայն պասիվ է, այլեւ նույնիսկ չի գիտակցում արտադրողականության աճի այն հսկայական ռեսուրսը, որ կարող է ստանալ ՏՏ ոլորտից: «Յունիկոմպ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն ասաց, որ «Ջերմուկ գրուփ»-ի համար ստեղծել են ՏՏ ենթակառուցվածքներ, սակայն ընդհանուր առմամբ խոշոր ընկերությունների կողմից նման ծառայությունների նկատմամբ պահանջարկը մեծ չէ:

Բիզնեսի կողմից առավել մեծ պահանջարկ են վայելում այնպիսի ծառայություններ, ինչպես հաշվապահական հաշվառման ավտոմատացումը, կամ վեբ-կայքերի ստեղծումը, կամ էլեկտրոնային գրատախտակները: Հայաստանի առաջին ՏՏ ընկերության` «Հայկական ծրագրեր»-ի մարկետինգի բաժնի աշխատակից Շողեր Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ փոքր եւ միջին ձեռնարկություններից տարեկան մոտ 300 պատվեր են ստանում հաշվապահական համակարգերի ներդրման համար, ինչը մեկ երրորդով ավելի է, քան 5 տարի առաջ: Վերջին շրջանում պահանջարկ է ստեղծվել նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության եւ CRM ծառայության (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում) նկատմամբ:

Եթե ծրագրային արտադրանքի նկատմամբ մեր ընկերությունները շատ թե քիչ հետաքրքրություն ներկայացնում են, իսկ ինժեներական պոտենցիալն էլ թույլ է տալիս դրանք բավարարել, ապա տեխնոլոգիական իրերի շուկան ակնհայտորեն տեղապտույտի մեջ է: Ոչ այն պատճառով, որ առաջարկ չկա, այլ որ պահանջարկ չկա: Առաջարկները «ԴիջիԹեքում» բազմաթիվ են, սակայն հիմնականում ուղղված են դեպի դրսի շուկաները:

Բերենք մի քանի օրինակներ: Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը ներկայացրել է անտենաների չափման ստենդ` ուսումնական նպատակներով: Սակայն ըստ ինժեներ Հովհաննես Գալստյանի` պահանջարկը հիմնականում Ռուսաստանից է: Կամ` Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն ներկայացնում է միկրոէլեկտրոնիկայի եւ ռադիոտեխնիկայի բավական լայն ընտրանի, ու ընկերության ներկայացուցիչն ասում է, որ հիմնականում դրանք սպառվում են Ռուսաստանում կամ Վրաստանում: Հայկական շուկան առայժմ պահանջարկ է ներկայացնում այնպիսի պարզագույն պրոդուկտների նկատմամբ, ինչպես` էլեկտրոնային գրատախտակները (դրանք տեղադրվում են փոխանակման կետերում, կամ գրասենյակներում):

Հայկական ՏՏ ընկերությունների մեջ հատուկ պետք է ընդգծել «Նեյշնլ Ինսթրումենթս»-ին: Հայկական ինժեներական միտքը խթանելու հարցում այս ընկերության ավանդը իրոք շատ մեծ է: Հենց միայն «ԴիջիԹեքում» 16 ընկերություն է ներկայացված (նրանցից շատերը` նորաստեղծ), որոնց ծրագրային լուծումները հիմնված են «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի տեխնիկական բազայի վրա: Օրինակ` Ovak Technologies ընկերությունը, որքան էլ զարմանալի է, մշակել է նավթահորատող կայանների ավտոմատացման եւ կառավարման համակարգեր, որոնց գծով արդեն պատվերներ ունեն Ռուսաստանից, ԱՄՆ-ից կամ Կանադայից:

Եթե նավթի հարցում հասկանալի է, թե ինչու են պատվիրատուները արտասահմանյան, ապա գյուղատնտեսական համակարգերի նկատմամբ հետաքրքրության պակասը իրոք որ մտահոգիչ է: Pegasus logic ընկերությունը ներկայացնում է ավտոմատ կառավարմամբ ջերմոց, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, սակայն մեր ներդրողները չեն ցանկանում որակի համար վճարել: Այդ ընկերության տնօրեն Մանուկ Շեմսյանն ասաց, որ անցյալ տարի հայկական թռչնաբուծական ընկերություններից մեկի համար մշակել էին ավտոմատ կառավարմամբ ինկուբատոր, սակայն պատվիրատուն այնուհետ նախընտրեց էժան չինական գիծը, ու հիմա խնդիրներ ունեն: Գնի տարբերությունն իրոք մեծ է` հայկական արժե 50 հազ. դոլար, չինականը` 6 հազ., սակայն «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի բազայի վրա մշակված համակարգն ավելի հուսալի է ու արտադրողական: Նույն գնային տարբերությունն առկա է նաեւ ջերմոցների պարագայում` Pegasus logic-ը ջերմոց է հավաքում 1 քառ. մետրը 45 դոլարով, իսկ պարսկական ընկերությունը` 30 դոլարով:

Զրուցեցինք նաեւ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի ինժեներ Սուրեն Էյրամջյանի հետ: Նա հաստատեց, որ բավական լայն տեսականի ունեն` սկսած ավտոմատացված համակարգերից մինչեւ բարձր հաճախականության տիրույթ: Սարքեր մատակարարող հիմնական գործարանը գտնվում է Հունգարիայում, սակայն ծրագրային հագեցումն իրականցվում է տեղացի մասնագետների ուժերով: Քանի որ վերջերս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում որոշ բուհերում նոր լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանը, հույս ունեն պատվերներ ստանալ: Իսկ մինչ այդ` հիմնականում աշխատում են արտաքին շուկաների համար, շատ լայն աշխարհագրությամբ:

Նշենք սակայն, որ հայկական տնտեսության իրական սեկտորը երբեք չի կարող դուրս գալ դեպրեսիվ վիճակներից, եթե չկարողանա օգտագործել նորագույն տեխնոլոգիական լուծումները:

 

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ