News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական ՀԱՅՔ ԱՎԻԱ ավիաընկերությունը որեւէ կապ չունի մոլդովական զենքի աղմկահարույց գործարքի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ընկերության տնօրենը, ով ներկայացավ որպես Սերգեյ, հերքեց Մոլդովայի տրանսպորտի նախարարության պաշտոնական հաշվետվության մեջ ներկայացված տվյալները` հայտնելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:

«Մենք ընդհանրապես զենքերի հետ կապ չունենք: Կապ չունենք նաեւ պաշտպանության նախարարության հետ, ոչ զենք ենք տանում, ոչ զինամթերք ենք տանում: Այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց ընկերության տնօրենը:

Նշենք, որ Մոլդովայի տրանսպորտի նախարարությունը խորհրդարանին ներկայացրած պաշտոնական զեկույցում նշել էր, թե հրթիռային զենքը երկրից հանվել է հայկական ՀԱՅՔ ԱՎԻԱ ընկերության ինքնաթիռով:

Մոլդովական «Օմեգա» գործակալության փոխանցմամբ, տրանսպորտի նախարար Անատոլի Շալարուն հայտնել էր, թե ԻԼ-76 ինքնաթիռը սեպտեմբերի կեսերին Լիբիայի HLLB Bengazi/Benina օդանավակայանից ժամանել էր Քիշնեւի «Մերկուլեշտի» օդանավակայան, 40 տոննա հրթիռային զենք բեռնել եւ սեպտեմբերի 13-ին ժամանել է Երեւանի «Էրեբունի» օդանավակայան: Մոլդովական կողմը նաեւ վստահեցրել էր, թե վաճառված զենքը ժամկետանց է եղել եւ պիտանի չի եղել օգտագործման համար: Նշվում էր, թե գործարքն իրականացվել է լատվիական ընկերության միջնորդությամբ:

Լատվիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել էր, թե լատվիական որեւէ ընկերություն նման գործարքի է մասնակցել:

Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էր, թե Հայաստանը անկախության 20 տարիների ընթացքում երբեւէ ժամկետանց զենք չի գնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ