News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ապրանքների եւ ծառայություների գնման ծախսերի կառուցվածքը կարող է շատ բան ասել բնակչության կենսամակարդակի, նրա գնողունակության  մասին:

Այսպիսով,  պաշտոնական վիճակագրության  օգոստոսի տվյալներով`  ընդհանուր ծախսերի կառուցվածքում  59,4% -ը բաժին է ընկել ապրանքների գնմանը, իսկ մնացած  40,6%-ը` ծառայություններին: Երկու համեմատություն` Ռուսաստանում 75%-ն է բաժին ընկել ապրանքներին,  25%-ը` ծառայություններին: ԱՄՆ-ում` համապատասխանաբար` 41% եւ 59%-ը:  

Այսպիսով, ապրանքների գնման մասնաբաժնով մենք զիջում ենք Ռուսաստանին,  սակայն նկատելի առաջ ենք ԱՄՆ-ից: Բնականաբար, ծախսերի բացարձակ մեծությամբ մենք չենք էլ կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ:

Սակայն այս տվյալները ամբողջությամբ չեն բացահայտում ապրանքների եւ ծառայությունների ձեռք բերման հետ կապված իրական պատկերը:  Խորհելու տեղիք է տալիս հատկապես պարենամթերքի  մասնաբաժինը: Սա բնակչության կենսամակարդակի  յուրատեսակ ինդիկատոր է. այսինքն, որքան ցածր է այդ մասնաբաժինը, այնքան բարձր է կյանքի մակարդակը եւ հակառակը:

Հայաստանում, անցած տարվա տվյալներով, բնակչության ընդհանուր սպառողական ծախսերի մեջ պարենամթերքի տեսակարար կշիռը կազմում է 47%: Ռուսաստանում այդ ցուցանիշը  37,7% է, իսկ ահա ԱՄՆ-ում` մոտ  15%...

Սակայն  եթե պարենամթերքին հատկացվող հարաբերական մեծ մասնաբաժնի դեպքում անգամ բանկչության մի մասը կիսաքաղց է,  ապա ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների  սպառումը բավական ցածր է...Իհարկե, սա սենսացիոն բացահայտում չէ,  այլ փաստ, որին բոլորը տեղյակ են:

Ասվածը, սակայն, կարծես հակասում է  բերեկեցության վիզուալ պատկերին` հարյուր հազարավոր մարդատար ավտոմեքենաներ, տասնյակ հազարավոր նոր առանձնատներ: Սակայն հակասություն իրականում չկա: Ապրանքների եւ ծառայությունենրի սպառման ընդհանուր մակարդակը ցածր է այն պատճառով, որ  բնակչության զգալի մասն աղքատ է կամ  այդ սահմանին մոտ:

Չնայած դրան` մեր քաղաքացիները  հերոսաբար գումարներ են ծախսում ծխախոտի եւ ալկոհոլի վրա:  Բնակչության սպառողական ընդհանուր ծախսերի մեջ  ծխախոտի  տեսակարար կշիռը 4% է, ալկոհոլինը` 1%:

Ինչ վերաբերում է բջջային կապին,  ապա այստեղ հետաքրքիր ներբերանգներ կան: Օգոստոսին, օրինակ,  բնակչության մեկ շնչի հաշվով տեղեկատվության եւ կապի ոլորտում միջին ծախսը կազմել է 5,7 հազար դրամ: Երկու համեմատություն. տրանսպորտի մասով այդ ցուցանիշը կազմել է 54,6 հազար դրամ,  մշակույթի, զվարճանքի, հանգստի մասով` 0,7 հազար դրամ:

Վճարվող ծառայությունների կառուցվածքում «տեղեկատվության եւ կապի» մասնաբաժինը  հասնում է գրեթե 10%-ի: Սա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձանց: Սակայն, համաձայնեք, որ  Հայաստանի պես ոչ հարուստ երկրի համար  բջջային կապով նման  համընդհանուր  հափշտակությունն այնքան էլ ռացիոնալ չէ, ինչից շահում են բջջային օպերատորներն ու հեռախոս վաճառողները...

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ