News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չկա հակամարտություն, որը չունենա լուծում: Այդ մասին հոկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Ֆրանսիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախաձեռնելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման էստաֆետը Ռուսաստանից վերցնելու վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին դեսպանը նկատեց, որ «ամեն օր մամուլում շատ հետաքրքիր բաներ է գտնում»:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում է: Ֆրանսիան ու Եվրամիությունը կողմ են այդ ձեւաչափին: Այդ ձեւաչափում անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը», - ընդգծեց դեսպանը: Այդ առնչությամբ, դեսպանը կրկնեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երեւանում արտահայտած միտքը, թե անգործությունից վատ բան չկա:

Դեսպանը նաեւ հիշեցրեց Սարկոզիի խոսքը` Ֆրանսիայի եւ Գերմանիայի անցյալի վերաբերյալ: «Պետք չէ մոռանալ, որ պատերազմից մնացած փլատակների վրա հիմնվեց Եվրամիությունը: Ֆրանսիացիներն ու գերմանացիները ձեռք մեկնեցին միմյանց: Այդ օրինակն ապացուցում է, որ չկա հակամարտություն, որը չունի լուծում», - նկատել է դեսպանը` ավելացնելով, որ այդ օրինակը փայլուն ուղերձ է ղարաբաղյան հակամարտության կողմերին:

«Դա բարդ ուղի է, բայց միակն է, որը խոստանում է խաղաղություն եւ բարգավաճում, տնտեսական աճ ու երկխոսություն տարածաշրջանում», - հայտարարեց Անրի Ռենոն:

Շփման գծում պատ կառուցելու վերաբերայլ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների անչությամբ դեսպանը հայտարարեց, որ հենց այդ օրինակը ցույց է տալիս երկխոսությունը վերսկսելու եւ հաշտության ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը:

«Տարածաշրջանի ապագան բաց սահմաններն են, երկխոսությունն ու համագործակցությունը», - հայտարարեց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ տարածաշրջանը քաղաքակրթությունների խաչմերուկում է եւ ափսոսանք հայտնեց, որ հակամարտությունը խլում է ռեսուրսներ, որոնք կարող էին օգտագործվել տարածաշրջանի զարգացման համար: «Այժմ կան միայն պարտվածներ: Հակամարտության կարգավորման շնորհիվ կլինեն միայն հաղթածներ: Խաղաղության ճանապարհը բարդ է, սակայն այլ ուղի չկա: Իսկ խաղաղությունն անհնար չէ: Կա Եվրոպայի օրինակը, եւ պետք է դրան հետեւել», - եզրափակեց Անրի Ռենոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ