News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի երեք քաղաքում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք է ցուցաբերում հարցվածների 72.1 տոկոսը: Այդ մասին հոկետմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոնի սոցիոլոգ Արուս Հարությունյանը` տեղեկացնելով, որ հարցումներն անցկացվել են Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:

Նրա խոսքով, հարցվածների 27.4 տոկոսը վիրավորանք- հայհոյանքով, իսկ 17.7 տոկոսը անձնային բացասական պիտակներով է բնութագրել ԼԳԲՏ անձանց: Հարցվածների միայն 11.5 տոկոսն է հանդուրժող եւ դրական որակներով բնութագրել, իսկ 2.9 տոկոսն անգամ կարեկցական արտահայտություններ է արել ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

«Հարցվածների 87.6 տոկոսը նշել է, որ չի օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձը: Մինչդեռ նկատելի տարբերություն կա լին եւ տղամարդ հարցվողների  պատասխանների միջեւ. կանանց 72.1 տոկոսը խնդիր չի տեսնում ԼԳԲՏ անձի կողմից նախկինում օգտագործված սպասքից օգտվելու մեջ»,- ասաց Հարությունյանը, նշելով, սպասքից օգտվելու պատրաստակամություն հայտնածները հիմնականում բարձրագույն կրթությամբ մարդիկ են: 

Նրա խոսքով, հարցվածների 66.9 տոկոսի համար ԼԳԲՏ անձինք պետք է դատապարտվեն հասարակության կողմից, մինչդեռ այդ հարցում առավել հանդուրժողականություն են ցուցաբերել կանայք` համարելով, որ այդ անձանց նկատմամբ պետք է ցուցաբերել հանդուրժողականություն:

Ընդ որում` հարցվածների շրջանում ԼԳԲՏ անձանց մասին ունեցած  գիտելիքները կարծրատիպային է եւ դուրս գիտական բացատրությունների շրջանակից: «Հարցվողները  «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունենալը դիտարկում են որպես հիվանդություն (18,6 տոկոսը), արեւմտյան երկրների բացասական ազդեցություն (12.7 տոկոս), դաստիարակության հետեւանք (10.8 տոկոս), անգամ հարցվածների 9.9 տոկոսը դա համարում է ժամանակակից պայմաններում ինտերնետով շփման արդյունք»,- ասաց Հարությունյանը:

Սոցիոլոգը նաեւ տեղեկացրեց, որ հարցվածների մեծամասնության համար ԼԳԲՏ անձը լինելը կապված է նաեւ ազգային պատկանելության հետ, հետեւաբար, հայ ազգին հարիր չէ ունենալ ԼԳԲՏ անձիք իր շարքերում: Այդ կարծիքին է հարցվածների 52.7 տոկոսը:

Հարցվողների 74,5 տոկոսի համոզմամբ` պետությունն իրականում ոչինչ չի անում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարվող քաղաքականության մեջ, 71,5 տոկոսը կարծում է, որ պետությունն այդ բացը պետք է լրացնի նրանց դեմ պայքարելու միջոցով: Մինչդեռ, ըստ Հարությունյանի, անհրաժեշտ է ընդունել հակախտրական օրենսդրություն, կազմակերպել հանրային իրազեկման միջոցառումներ:

Նշենք, որ հարցումն անցկացվել է «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK-Armenia) ՀԿ-ի եւ «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոնի նախաձեռնությամբ: Հարցմանը մասնակցել է 1156 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ