News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am -ը  որոշակի կրճատումներով ներկայացնում է «Foreign Policy Journal»-ում հրապարակված Արամ Ավետիսյանի եւ Հովհաննես Նիկողոսյանի հոդվածը.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (կամ Արցախի, ինչպես դարեր շարունակ անվանել են հայերը) համար 2011թ-ը նշանավորվեց  Խորհրդային Միությունից նրա անկախացման  20-ամյակով:

Լեռնային Ղարաբաղը պատմականորեն եւ իրավական առումով եղել է հայկական հնագույն իշխանություններից: 1918–1920թթ. Հարավայի Կովկասի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կարճատեւ անկախացման շրջանում Ազգերի Լիգան հրաժարվել էր ճանաչել նորաստեղծ Ադրբեջանը պետական փխրունության եւ Վրաստանի եւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջի պատճառով, հայտարարելով, որ «հարեւան երկրների հետ սահմանային վեճերը հնարավորություն չեն տալիս  հստակ որոշել Ադրբեջանի սահմանները»: Այսպիսով, շատ կարեւոր է ընդգծել, որ 1918–1920թթ. միջազգային հանրությունը, մասնավորապես` Ազգերի Լիգան, չի ճանաչել Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո, 1921թ-ին, բոլշեւիկյան կառավարությունը Իոսիֆ Ստալինի  ղեկավարությամբ  բռնի եւ ապօրինի կերպով հայաբնակ Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ`ստեղծելով ինքնավար մարզ:

Գորբաչովի կողմից 1985թ. քաղաքական ռեժիմի ազատականացման մասին հայտարարելուց հետո, Ղարաբաղի ժողովուրդը ցանկացավ վերամիավորվել Հայաստանի հետ եւ ուղղել անցյալի սխալը:  Ադրբեջանը, սակայն, դրան պատասխանեց 1988–1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում,  Մինգեչաուրում հայկական ջարդերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակմամբ, ինչը դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Նա նաեւ խաղաղ գործընթացը  վերածեց  կողմերի միջեւ լայնածավալ առճակատման, որը խլեց հազարավոր կյանքեր:

Վերադառնալով խնդրի իրավական եւ քաղաքական ասպեկտներին` կարեւոր է  ընդգծել, որ 1991 թ. Ադրբեջանն ընդունեց պետական անկախության մասին հռչակագիր` իրեն համարելով 1918–1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հաջորդը` այդպիսով մերժելով Խորհրդային Ադրբեջանի իրավական եւ քաղաքական ժառանգությունը, այդ թվում`  խորհրդային շրջանում իշխանությունը Լեռնային Ղարաբաղի  ինքնավար մարզի նկատմամբ: Իսկ ինչպես վերը նշվեց, Ազգերի Լիգան 1918–1920թթ. չէր ճանաչել Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ղարբաղյան հակամարտությունը երբեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չի եղել, ինչպես հաճախ փորձում է ներկայացնել Բաքուն` աղավաղելով ՄԱԿ-ի ԱԽ 1993թ. ընդունված  չորս համապատասխան բանաձեւերի տեքստն ու մեկնաբանությունները:

Իրականում առճակատման իրավական էությունը  միաջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքների` ժողովուրդների հավասարութան, ազատության եւ ինքնորոշման իրավունքի շրջանակում է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` 1988թ. փետրվարին Հայաստանի հետ վերամիավորվելու մասին  դիմումը խորհրդային կառավարությանը եւ 1991 թ. Ղարաբաղի անկախության մասին հռչակագրի ընդունումը, ժողովրդի կողմից փորձ էր օգտվելու ինքնորոշման իր իրավունքից:

Մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների եւ միջազգային ու ներքին իրավական նորմերի համաձայն` ԼՂԻՄ-ը  եւ Շահումյանի շրջանի պատգամավորների խորհուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով հաստատեցին իրենց ընտրությունը եւ անկախություն հռչակեցին: Այսպիսով, 1991թ.  նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում հռչակվեցին ինքնիշխան Ադրբեջանի  Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանը պատասխանեց խոշորածավալ ռազմական  ագրեսիայով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:  Ի վերջո, Բաքուն չկարողացավ  նվաճել Արցախը եւ ստիպված էր խնդրել հրադադարի մասին,  որի վերաբերյալ համաձայնությունը  ստորագրվեց 1994թ. մայիսին` Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից:

Իր պատասխանատվությունը մերժելու եւ  միջազգային հանրությանը մոլորեցնելու ջանքերի շրջանակում Ադրբեջանը մշտապես բողոքում է «իր տարածքների օկուպացիայից»` հաճախ վկայակոչելով ՄԱԿ ԱԽ բանաձեւերը: Հարկ է սակայն նկատել, որ այդ բանաձեւերից եւ ոչ մեկով Հայաստանը որպես ագրեսոր չի հիշատակվում, քանի  որ հակամարտությունը եղել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

Հիշատակված բանաձեւերը  կոչ էին անում թե հայկական, թե ադրբեջանական կողմերին «ձեռնպահ մնալ  թշնամական ակտերից եւ ցանկացած միջամտությունից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության խորացմանը եւ  կվտանգեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»:  Բաքվի ագրեսիվ կեցվածքը   եւ շարունակվող սադրանքը բազմիցս են  վկայակոչվել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների կողմից:

Խնդրի էությունն այն է, որ ԼՂՀ-ի անկախությունը ոչ մի ընդհանուր բան չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Նրանց համար, ովքեր հրաժարվում են ընդունել տարածաշրջանային իրողությունները  եւ Արցախի ինքնիշխան գոյությունը,  միջազգային հանրությունը բազմիցս է հաստատել ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը, որը պետք է հիմնվի  միջազգային իրավունքի երեք գլխավոր եւ հավասար սկզբունքների վրա` ժողովուրդների ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում:

Միաժամանակ` Արցախը 1991թ. անկախության հռչակումից հետո  ամրապնդվում է որպես ժողովրդավարական արդյունավետ  կառավարման համակարգ ունեցող պետություն` ակտիվ քաղաքացիական հասարակությամբ եւ շուկայական զարգացող տնտեսությամբ:

Հանրապետության իշխանության համար  ժողովրդավարկան  արժեքների խորացումը մնում է որպես կարեւոր խնդիր:

Արցախն ու Ադրբեջանն անհամտեղելի են  նաեւ իրենց հայացքներով եւ ինքնիշխանության իրացմամբ: Ժամանակակից Ադրբեջանը քվազիմիապետական սուլթանություն է հիշեցնում: Մարդու իրավունքների եւ տնտեսության դիտարկումներով զբաղվող գլոբալ կազմակերպությունները, այդ թվում`  «Transparency International»-ը, «Freedom House»-ը եւ  «Forbes» ամսագիրը Ադրբեջանն ավանդաբար հիշատակում են  աշխարհի առավել կոռումպացված եւ անազատ երկրների շարքում:

Բաքվի արտաքին քաղաքականությունը եւս ավելի լավը չէ:  Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ ապակառուցողական: Իր ժողովրդին փոխզիջման եւ խաղաղության պատրաստելու փոխարեն` հանրապետությունում պաշտոնական հաղորդագրությունների մեծ մասը միլիտարիզմն ու հակահայ դիրքորոշումն են զբաղեցնում:

Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ-ն հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Արցախի դիրքորոշումը համընկնում է  միջազգային միջնորդների` բանակցային գործընթացին  ԼՂՀ լիակատար մասնակցության  վերականգման դիրքրոշման հետ: Բանակցությունների պատշաճ ձեւաչափի վերականգնումը  եւ հանրապետության միջազգային ճանաչումը  խաղաղ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտություն են դարձել: Ցանկացած դրական կարգավորում պահանջում է ԼՂՀ անմիջական մասնակցություն:

Եվ դա նվազագույնն է, ինչ պետք է անի Ադրբեջանը  հանուն Հարավային Կովկասի ապագայի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ