News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թռչկանի ջրվեժի տարածքից տեխնիկայի իջեցումը եւ հիդրոէլեկտրակայանի շինարարությունը դադարեցնելու մասին կառուցապատող ընկերության հայտարարությունը «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության համար հիմք չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ, բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը նշեց, որ վաղ է ասել, որ Թռչկանի տարածքում ՀԷԿ չի կառուցվի:

«Երաշխիք չկա, որ վաղը մյուս օրը ուրիշ տեխնիկա չեն բարձրացնի եւ չեն սկսի աշխատանքները: Պետական մարմինները, որոնք թույլտվություններ են տվել,  պետք է նորից չեղյալ համարեն իրենց եզրակացությունները»,- ասաց նա` հավելելով, որ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ իրենք ստանան Բնապահպանության նախարարության կողմից փորձաքննական եզրակացության չեղյալ համարելու որոշումը, ջրօգտագործման թույլտվության չեղյալ հայտարարելու որոշումը, լիցենզիայի չեղյալ հայտարարելու որոշումը, ինչպես նաեւ 2004թ հողի կատեգորիայի փոփոխության որոշման վերափոփոխության որոշումը:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա վաղը` նոյեմբերի 1-ին, Կառավարության շենքի առաջ նախաձեռնված ակցիան կայանալու է,ինչպես նաեւ մյուս շաբաթ մասնակցելու են  խորհրդարանական լսումներին, վարչապետի մոտ քննարկմանը: «Սահմանապահները չեն իջնելու դիրքերից եւ Թռչկանը պահելու են, մինչեւ չստանանք որոշումները»,- ասաց Արման Վերմիշյանը:

Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժի տարածքից իջեցվել է տեխնիկան, ինչպես նաեւ «Ռոբշին» ՍՊԸ-ն հայտարարել է, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը 

Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա, Շիրակի եւ Լոռիի մարզերի սահմանին: «Ռոբշին» ՍՊԸ-ն լիցենզիա է ստացել գետի վրա 1050 կՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ կառուցելու համար:

Բնապահպանները գտնում են, որ հէկ-ի կառուցումը կփոխի գետի հունը եւ զգալի վնաս կհասցնի ջրվեժին եւ տարածքի կենսաբազմազանությանը:

Բնապահպան ակտիվիստների մի մեծ խումբ գիշեր ու զօր գտնվում է ջրվեժի մոտ, որպեսզի թույլ չտա ՀԷԿ-ի կառուցումը:

Տպել
Ամենաշատ