News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր` նոյեմբերի 1-ին, ժամը 12:50-ին, Լոռիի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել մարզի Դարպաս համայնքի գյուղապետ Սամվել Ավետյանից, որ դեպի Դարպաս գյուղ տանող Վանաձորի Սարի թաղ կոչվող թաղամասի ճանապարհամերձ մասում կա սողանքի առաջացման վտանգ, որի ակտիվացման դեպքում կվնասվեն այդ հատվածում գտնվող մի քանի բնակելի տները, ինչպես նաեւ կփակվի Վանաձոր-Դարպաս ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել Լոռիի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, վարչության  պետ Հրաչ Անտոնյանի ղեկավարությամբ: Տեղում պարզվել է, որ սողանքի առաջացման պատճառն ամենեւին էլ բնությունը չէ:

Բանն այն է, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի 2-րդ փողոցի թիվ 4, 6, 8 տների կոյուղագծերի խողովակները տեղակայված են եւ անցնում են սարի միջով, իսկ կոյուղաջրերն էլ ներծծվում են անմիջապես սարի մեջ:

Հողի խոնավանալու պատճառով առաջացել է մոտ 30 մետր երկարությամբ, 2 մետր լայնությամբ եւ 0,5 մետր խորությամբ հողի հոսք, ստեղծելով սողանք: Դարպաս համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը նշում է, որ հավանականությունը մեծ է, որ սարը կարող է փլվել:

Լոռիի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի կողմից նշված տների բնակիչներին խորհուրդ է տրվել, որ հնարավոր վտանգից խուսափելու համար, չօգտագործել սարամիջյան կոյուղին:

Հավելենք, որ Լոռիի մարզպետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով` սողանքի հանգամանքները պարզելու եւ հարցին վերջնական լուծում տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ