Իրանը կշարունակի միջուկային ծրագրի խաղաղ զարգացման հարցում պաշտպանել իր օրինական իրավունքները, չնայած այլ երկրների՝ դրանք սահմանափակելու փորձերին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Թեհրանում ներկայացուցչություններ ունեցող պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը, բայց թող իմանան, որ մենք պաշտպանելու ենք մեր իրավունքները»,- ասել է նա, հաղորդում է IRNA-ն։
Նա նշել է, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանը և չի լքի: «Մենք միշտ քայլեր ենք ձեռնարկել՝ հստակեցնելու մեր դիրքորոշումը ինչպես ՄԱԳԱՏԷ-ին, այնպես էլ այն երկրներին, որոնք ցանկանում են իմանալ, թե Իրանը ինչ ուղղությամբ է օգտագործելու միջուկային էներգիան։
Մեր տրամաբանությունն ընդունելու փոխարեն մեզ նախ պատերազմներ պարտադրեցին, հետո նաև պատժամիջոցներ սահմանեցին։ Ո՛չ պատերազմը, ո՛չ պատժամիջոցները չեն կարող խանգարել Իրանին հասնել իր նպատակներին»,- հավելել է հանրապետության նախագահը։