Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանի տարածքում ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ ծրագրելու և իրականացնելու, այդ թվում՝ Բելառուսի տարածքով ահաբեկիչների և ահաբեկչություններ կատարելու համար անհրաժեշտ միջոցներ տեղափոխելու մեջ, հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։
«Արևմուտքն ավելի ու ավելի ակտիվորեն է ներգրավվում ռազմական գործողությունների մեջ։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի և այլ երկրների հետախուզական ծառայություններն ու պաշտպանական գերատեսչություններն այլևս զբաղված են ոչ միայն ուկրաինական կողմին զենք մատակարարելով, այլև անմիջականորեն ներգրավված են Ռուսաստանի տարածքում ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների պլանավորման և իրականացման մեջ, այդ թվում՝ հանցագործներին և ահաբեկչություններ իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Բելառուսի տարածքով տեղափոխելու գործընթացում»,- ասել է նա։
Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել արևմտյան ստրատեգների հնչեցրած այն գնահատականներին, որ «Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»։
«Արևմուտքը հետևողականորեն միջոցներ է ձեռնարկում մեր երկրի վրա ճնշում գործադրելու համար։ Դրա համար օգտագործվում են մի շարք գործիքներ. առաջին հերթին դրանք անօրինական տնտեսական պատժամիջոցներ են, ավանդական շուկաներից պոկելու, համագործակցության կապերն ԱՊՀ երկրների գործընկերների հետ խզելու փորձերը, որոնց արդյունքում պետք է, մեջբերում եմ, «սովի անկարգություններ» լինեն, և պայմաններ ստեղծվեն Բելառուսում ուժով սահմանադրական կարգը փոխելու համար»,- ասել է նա: