News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սանմաքրման ձեռնարկությունների գերակշիռ մասը պատրաստ են եղանակային փոփոխություններին:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք է բերվել 625 տոննա աղ, 1467 խորանարդ մետր ավազ, 274 միավոր մեքենամեխանիզմ վերազինվել եւ պատրաստ է շահագործման: Կատարվել են վարչական շրջանների տարեկան բյուջեով եւ ծրագրերով նախատեսված բազմաբնակարան շենքերի թեք եւ հարթ տանիքների, շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ: Գույքագրվել են այն ենթակառուցվածքները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձմռան պայմաններում եւ որոնք լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում: Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել այդ հարցերում, միեւնույն ժամանակ նշելով, որ այդ աշխատանքներում ակտիվորեն պետք է ներգրավել համատիրություններին:

«Որտեղ խնդիրներ կլինեն, պատրաստ ենք աջակցել: Պետք է հետեւողական լինել համատիրությունների աշխատանքների եւ հավաքագրված գումարների նպատակային օգտագործման հարցում։ Պետք է հնարավորինս աջակցենք համատիրությունների կայացմանը, որպեսզի բնակիչների կողմից առաջ քաշված շատ  խնդիրներ լուծվեն հենց համատիրությունների միջոցներով»,- նշել է Տարոն Մարգարյանը եւ հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել առկա խնդիրները եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ