Անկախ լրատվամիջոցների ճնշման այս ակտն ուղղակի հարձակում է խոսքի և մամուլի ազատության իրավունքների վրա և քննադատական ձայները լռեցնելու բացահայտ փորձ։ Այս մասին հայտարարել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ոստիկանությունը ներխուժել է Բաքվում ադրբեջանական անկախ լրատվամիջոց Toplum TV հեռուստաալիքի գրասենյակը և ձերբակալել աշխատակիցներին։
Ադրբեջանի իշխանությունները, ըստ կառույցի ներկայացուցչի, «հետապնդում, ահաբեկում և հարձակվում են անկախ լրատվամիջոցների և ընդդիմադիր խմբերի վրա՝ բացահայտ անտեսելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»։
«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն մարդու իրավունքների և անկախ լրատվամիջոցների ճնշումը և սկսեն հարգել, պաշտպանել, խթանել և կատարել բոլորի մարդու իրավունքները՝ ներառյալ խոսքի ազատության իրավունքը»,- ասել է նա:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդունել, որ Ադրբեջանում իրավիճակի լրջությունը պահանջում է հրատապ գործողություններ և սկսել ճնշում գործադրել երկրի իշխանությունների վրա՝ դադարեցնելու բռնաճնշումները։ Ադրբեջանն այս նոյեմբերին կհյուրընկալի «COP29» կլիմայական համաժողովը, և չափազանց կարևոր է, որ միջազգային ուշադրությունը, որը սևեռված կլինի այդ երկրվի վրա, օգտագործվի՝ պահանջելու իշխանություններից հարգել մարդու իրավունքները»,- ասել է Նատալյա Նոզաձեն:
Մարտի 6-ի երեկոյան ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաալիքի, «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի», նրա գործընկեր կազմակերպության և «Պլատֆորմ III Հանրապետություն» ընդդիմադիր խմբի գրասենյակներ․ կալանավորվել է ավելի քան տասը լրագրող և ակտիվիստ, կոտրվել է Toplum TV-ի յութուբյան ալիքը և ջնջվել դրա բովանդակությունը։
Toplum TV-ի առնվազն չորս աշխատակիցների և Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի երկու ակտիվիստների մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության կասկածանքով (Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդված), հայտնել է Toplum TV-ի գլխավոր խմբագիրը: Նրանք շարունակում են մնալ կալանքի տակ։
Toplum TV-ի նկատմամբ բռնաճնշումները հաջորդել են այլ անկախ լրատվամիջոցների՝ Channel 13-ի և Abzas Media-ի լրագրողների ձերբակալություններին։