ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր։ Այս մասին Ազգային ժողովում, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, մարտի 11-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այդ երկրների միջեւ առայժմ կոնսենսուս չկա։ Խոսքը, ըստ նրա, 5-7 հարցերի մասին է։ «ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կոնսենսուսի բացակայության պատճառով նախնական քննարկումների ընթացքում ընդունվել է որոշում՝ հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումն այնքան ժամանակ, մինչեւ որ հաջողվի գալ որեւէ ընդհանուր հայտարարի»,- ասել է Վարդանյանը։
Առաջին կարեւոր հարցը, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, այն է, որ գազի գնի ձեւավորման սկզբունքների մասով ԵԱՏՄ անդամ երկրները համաձայն չեն, որ այն պետք է միանման լինի բոլորի համար։ Այստեղ Ռուսաստանը եւ Ղազախստանը դեմ են նման մոտեցմանը եւ կարծում են, որ սկզբունքներն իրենց ներքին սպառողների համար պետք է այլ լինեն։ Երկրորդ կարեւոր հարցն այն է, որ գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը պետք է կամ կնքվեն, կամ համաձայնեցվեն, կամ ընդհանրապես դադարեցվեն։ «Եվ այս դեպքում Ռուսաստանն ու Ղազախստանը նույնպես համաձայն չեն դրան եւ կարծում են, որ երկկողմ համաձայնությունները պետք է շարունակեն գործել մինչեւ դրանց ավարտվելը։ Մեր դեպքում պայմանագիրը գործում է մինչեւ 2043թ.։ Դրան զուգահեռ՝ պետք է գործի նաեւ ընդհանուր շուկան։ Մենք կարծում ենք, որ ընդհանուր շուկան չի կարող աշխատել դրան զուգահեռ, որովհետեւ գազի մատակարարումների ամբողջ ծավալը ապահովվում է հայ-ռուսական երկկողմ համաձայնագրի շրջանակում։ Սրանք կարեւոր հարցեր են, որոնց վերաբերյալ անդամ երկրները որեւէ համաձայնության չեն եկել»,- նշել է Հակոբ Վարդանյանը։