«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են հայկական կողմի տեսակետների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
Նա մեջբերումներ արեց բանաձեւից. ««Եվրանեսթ» ԽՎ-ն խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը, ինչը կհաստատի միջպետական հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի նմորմերի եւ սկզբունքների վրա, առաջին հերթին միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչման վրա:
Ողջունում է ՀՀ կառավարության որոշումը՝ ամրապնդելու Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, հորդորում է ԵՄ կառույցներին մշակել կոնկրետ առաջարկներ առ այն, թե ինչպես արձագանքել Հայաստանի եվրոպական ձգտումներին:
ԽՎ-ն նաեւ կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավել Երեւանի եւ Բաքվի հաշտեցման գործընթացում, ապահովել կայուն խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար: Նաեւ ընդգծում է, որ հրադադարի յուրաքանչյուր խախտում կամ հրահրող խոսք նպաստում է հաշտեցման միջավայրի վատթարացմանը»: